«Բոինգ» ավիաշինական ընկերությունը հայտարարել է, որ 2015 թվականից դադարեցնելու է C-17 «Գլոուբմասթեր-3» (C-17 Globemaster III) ռազմական բեռնատար ինքնաթիռների արտադրությունը։
Ամերիկյան ընկերությունն առաջիկա երկու տարիներին արտադրելու է թվով 22 ինքնաթիռ։
Սակայն 2015 թվականին ինքնաթիռների արտադրությունը դադարեցվելու է, քանի որ իրենք չունեն խոշոր պատվերներ։
Այսպիսով, C-17 բեռնատար ինքնաթիռների արտադրության դադարեցումից հետո «Բոինգի»՝ կալիֆոռնիական Լոնգ Բիչ քաղաքում գտնվող գործարանի և մյուս ձեռնարկությունների շուրջ 3000 աշխատակից գործազուրկ կդառնա։
Հայտնի է, որ ներկայում C-17 բեռնատար ինքնաթիռներ են կառուցվում Հնդկաստանի զինված ուժերի համար, որոնք պատվիրել են 10 օդանավ և արդեն ստացել առաջինը 3-ը։
Մնացած 15 օդանավերի պատվիրատուների կամ հնարավոր գնորդների անունները չեն նշվում։ Հայտնի էր, որ ինքնաթիռների նկատմամբ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում Քուվեյթը։
Օրերս էլ «Բոինգը» ԱՄՆ ռազմաօդային ուժերին էր հանձնել 223-րդ C-17-ը, որոնց մատակարարումը սկսվել էր ուղիղ 20 տարի առաջ։ Դրանցից մեկը 2010 թվականին վթարի էր ենթարկվել Ալյասկա նահանգում։
Բացի ԱՄՆ-ից և Հնդկաստանից, C-17 ինքնաթիռներ են գնել Ավստրալիան (6 միավոր), Կանադան (4 միավոր), ԱՄԷ (6 միավոր), Մեծ Բրիտանիան (8 միավոր) և ՆԱՏՕ-ն (3 միավոր)։
Այսպիսով, ընդհանուր առմամբ ներկայում շահագործվում է 256 միավոր C-17 բեռնատար ինքնաթիռ։
Նշենք, որ C-17 «Գլոուբմասթեր-3» բեռնատար ինքնաթիռը կարող է տեղափոխել մինչև 80 տոննա բեռ կամ 150 զինծառայող:
Առաջին թռիչքը կատարել է 1991 թվականին։ Մեկ միավորի մոտավոր արժեքն է 220 մլն ամերիկյան դոլար։ Առավելագույն արագությունը 860 կմ/ժ է։