ՌԴ ԶՈւ 3 սպաներ գողացել են տանկային բիաթլոնի համար նախատեսված 7 տոննա վառելիք

ՌԴ 3 սպաներ զորամասից գողացել են ավելի քան 7 տոննա դիզելային վառելիք, որը նախատեսված էր Հայաստանի մասնակցությամբ տանկային բիաթլոնի համար։
Հետաքննական հանձնաժողովի գլխավոր ռազմական հետաքննականվարչությունից հայտնել են, որ Ալաբինոյի շրջանի դատախազությունը 3 քրեական գործ է հարուցել 77707 զորամասի զինծառայողներ կապիտան Ռոման Բելյաևի, լեյտենանտներ Ռոման Օբյեդկովի ու Վիտալի Բելանի նկատմամբ։ Նրանք կասկածվում են քրեական օրենսգրքի 160.3 հոդվածով, որը ենթադրում է «պաշտոնական դիրքի չարաշահում՝ ուրիշի սեփականության ապօրինի սպառելու կամ յուրացնելու ձևով»։

Համաձայն հետաքննության նախանական տվյալների՝ ընթացիկ տարվա հուլիսին վերոհիշյալ 3 սպաները սկբնական շրջանում յուրացրել են ինժեներական ԲԱՏ-2 մեքենայի վառելիքը, որը պետք է ծառայեր 23626 զորամասի զորավարժարանը տանկային բիաթլոնի անցկացման համար նախապատրաստելուն։

Մանրամասները դեռևս չեն հրապարակվում, քանի որ հետաքննությունն ընթացքի մեջ է։

Նշենք, որ այս տարվա օգոստոսին Ալաբինո զորավարժարանում կայացավ տանկային բիաթլոնի մրցումներ, որի մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի տանկիստները։

Տ-72 տանկերով անցկացվող մրցումներում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ռուսաստանի թիմը: Իսկ ահա Հայաստանի տանկիստները չորս երկրների մեջ զբաղեցրին վերջին` չորրորդ հորիզոնականը։ Երկրորդ տեղն է զբաղեցրել Ղազախստանի, երրորդը` Բելառուսի թիմը:

Հիշեցնենք, որ ռուսական բանակում վերջին շրջանում հաճախ կազմակերպվող տանկային բիաթլոն ուսումնական վարժանքը ենթադրում է զանազան խաչընդոտների հաղթահարում և տարբեր զինամթերքներով 0,9-2,2 կմ հեռավորության վրա 3 տարբեր թիրախների խոցում։ Ամեն մի վրիպման դեպքում անձնակազմը տանկով պետք է տուգանային շրջան կատարի՝ 0,5 կմ երկարությամբ։ Հաճախ այս կանոնները որոշակի փոփոխությունների են ենթարկվում։

Սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում վերահաստատել են, որ 2014-ին պատրաստվում են տանկային բիաթլոնի միջազգային առաջնություն անցկացնել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *