Պակիստանի ՌԾՈւ-ն ստացել է F-22P նախագծի ֆրեգատը

Պակիստանի ՌԾՈւ-ն 2013-ի սեպտեմբերի 3-ին իր կազմում ընդգրկել է չինական F-22P նախագծի 4 նոր ֆրեգատներից վերջինը։

F-22P նախագծի ֆրեգատ

F-22P նախագծի ֆրեգատ

Համաձայն «Ջեյնս» վերլուծական պարբերականի հաղորդած տվյալների՝ «Ասլաթ» անունը կրող նավի կառուցման ամբողջ աշխատանքներն ընթացել են Karachi Shipyard & Engineering Works պակիստանյան ընկերության նավաշինարանում։ Ֆրեգատի՝ Պակիստանի ՌԾՈւ-ում ընդգրկելու հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև վարչապետ Նավազ Շարիֆը։
Հիշեցնենք, որ Պակիստանի պաշտպանության նախարարությունը ձեռք է բերել F-22P նախագծի ֆրեգատները Չինաստանից 2005-ին։

Պայմանագրի արժեքը մոտ 700 մլն ԱՄՆ դոլար է։ Առաջին 3 ֆրեգատները գրեթե ամբողջությամբ կառուցվել էին Շանհայի Hudong Zhonghua Shipyard նավաշինարանում, իսկ որոշ սարքավորումներ տեղադրվել են Պակիստանում։ Առաջին նավը տրամադրվել է Պակիստանին 2009-ի հուլիսին, երկրորդը՝ հունվարին, երրորդը՝ 2010-ի սեպտեմբերին։
F-22P նախագծի ֆրեգատներն ունեն 3,1 հազար տոննա ջրատարողություն, 123,2 մ երկարություն, 13,8 մ լայնություն։ Նավերն ունակ են բացել մինչև 29 հանգույց արագություն, իսկ տեղաշարժման հեռավորությունը 4 հազար մղոն է։ Նավը զինված է 76,2 մմ տրամաչափի թնդանոթով, 30 մմ-անոց 2 գնդացիրներով, ինչպես նաև զենիթային ու հականավային հրթիռներով։ Ունի մեկ հականավային Z-9EC ուղղաթիռ։
Հավելենք, որ Պակիստանի ու Չինաստանի իշխանությունները ներկա դրությամբ աշխատում են ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ուղղությամբ։ Մասնավորապես, բանակցություններ են ընթանում Պակիստանի ՌԾՈւ-ին 6 սուզանավեր տրամադրելու շուրջ։ Ակնկալվում է, որ հավանական կնքվելիք պայմանագիրը կլինի ամենախոշորը, որ երբևէ կնքել է Պակիստանի ՊՆ-ն։ Պայմանագրի արժեքը թերևս լինելու է 2,5-4 մլրդ ԱՄՆ դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *