Վրաստանի դասակը ստանձնել է Աֆղանստանում «Ֆենիքս» ռազմաբազայի պարեկությունը

Վրաստանի ԶՈւ առաջին հետևակային բրիգադի ուժեղացված դասակը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաքում «Ֆենիքս» ռազմաբազայի պարեկությունը։ Վրաստանի ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողները կես տարի հերթապահելու են բազայի ներքին ու արտաքին սահմանագծերում։

վրացի խաղաղապահներ

վրացի խաղաղապահներ

«Ֆենիքս» ռազմաբազայում կայացել է վրացի զինծառայողներին պարեկության հանձնման հանդիսավոր արարողությունը։ Արարողությանը ներկա էր Ֆրանսիայի, Կանադայի, Պորտուգալիայի, Բուլղարիայի, Ռումինիայի ու Հորդանանի բարձրագույն հրամանատարական կազմը։

Դեռևս հունիսի սկզբներին հայտնի էր դարձել, որ Քաբուլում ֆրանսիական հրամանատարության՝ Աֆղանստանում խաղաղության պահպանման միջազգային առաքելությանը ծառայող վրացական ստորաբաժանումը շարունակելու է ծառայությունն ամերիկյան հրամանատարության ներքո, քանի որ ֆրանսիացի զինծառայողներն աստիճանաբար լքելու են Քաբուլը։

Բացի այդ, Վրաստանի ՊՆ-ն տեղեկացրել էր, որ 50 հոգիանոց այդ ստորաբաժանումն արդեն հունիսի երեքին «Վերհաուս» բազայից անցել է ամերիկյան «Ֆենիքս» բազա, որտեղ ամերիկյան զինծառայողների հետ զբաղվելու է հիմնականում աֆղան զինվորների ուսուցմամբ՝ միաժամանակ ապահովելով ԱՄՆ բազայի անվտանգությունը։

Հիշեցնենք, որ հունիսի վեցին Աֆղանստանի Հիլմենդ նահանգում մահապարտ ահաբեկիչը վրացական ռազմաբազայում բեռնատար մեքենա է պայթեցրել. զոհվել էր վրացի յոթ զինծառայող, վիրավորվել՝ իննը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *