Սեպտեմբերի մեկին Ֆրանսիայի հատուկ ծառայությունները կառավարությանը զեկուցել են Սիրիայում քիմիական զենքի արտադրության մասին։ Le Journal du Dimanche պարբերականը՝ հղում տալով զեկույցին, գրում է, որ այն կազմվել է ավելի քան 25 տարվա քննական աշխատանքի արդյունքների հիման վրա։ Ամբողջական զեկույցը խոստանում են մոտ օրերս ներկայացնել հանրությանը։

Սիրիայի գրոհայիններ

Սիրիայի գրոհայիններ

Զեկույցի տվյալներով՝ ընթացիկ տարվա օգոստոսի 21-ին Դամասկոսին կից Ղուտա շրջանում քիմիական հարձակման իրականացնողը Սիրիայի կառավարական զորքերն են, սակայն զեկույցի կազմողները խուսափել են ուղիղ նշել՝ արդյոք Բաշար Ասադն անմիջական առնչություն ունի այս ամենի հետ։ Զեկույցում ասված է նաև՝ Սիրիան քիմիական պաշարներ կուտակելու հարցում սկզբնական շրջանում աջակցել է Ռուսաստանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «Լե Մոնդ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ֆրանսիան պատրաստ է մասնակցել Սիրիայի դեմ ռազմական գործողությանը։ Ավելին, որպես Սիրիային հարված հասցնելու ժամկետ՝ Օլանդը նշել էր «մինչև սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածը»։

Նույն օրը՝ սեպտեմբերի 1-ին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ապացույցներ է ստացել Դամասկոսում նյարդակաթվածային, թունավոր զարին գազի կիրառման վերաբերյալ, սակայն հրաժարվել է մանրամասներ տրամադրել լրատվամիջոցներին՝ պատճառաբանելով. «Կոնգրեսը դեռ քննարկում է այս հարցը»։ Քերին վկայել է, որ ապացույցները հավաքվել են դեպքի վայրում՝ Ղուտայի բնակիչների մազերի ու մաշկի տարբեր տարրալուծական հետազոտությունների միջոցով։

Հիշեցնենք, որ Բարաք Օբաման շաբաթ օրը հայտարարել էր, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական հարվածի պատասխանատվությունը Բաշար Ասադի վրա է, Սպիտակ տունը կողմ է Սիրիային ռազմական հարված հասցնելուն, սակայն անհրաժեշտ է համարել նաև Կոնգրեսի որոշումը:

Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի 1-ին հայտնել է, որ Գերմանիան չի մասնակցի Սիրիայում հավանական ռազմական միջամտությանը։ Մերկելը շեշտել է, որ Գերմանիայի հավանական մասնակցության հարցը կարող էր քննարկվել, եթե լիներ ՆԱՏՕ կամ ՄԱԿ ԱԽ մանդատ։

Դեռևս օգոստոսի 30-ին Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն գերմանական թերթերին տված հարցազրույցում ասել է, որ Գերմանիան չի մասնակցի Սիրիայում հավանական ռազմական միջամտությանը: Վեստերվելեն ընդգծել էր, որ «Գերմանիային չեն խնդրել մասնակցել, ուստի հարցը քննարկման ենթակա չէ»։

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայում քիմիական զենքի կիրառման, ԱՄՆ-ի տրամադրած ապացույցներն անվանել է «ոչ համոզիչ, որոնք ոչ մի հստակ տեղեկություն չեն պարունակում»։ Լավրովը հավելել է, որ ԱՄՆ տվյալներում չկան ոչ մի աշխարհագրական կոորդինատ և անուններ, ուստի կասկած է հարուցում այն, որ քննությունը կատարվել է մասնագետների կողմից։ ՌԴ արտգործնախարարը խոստովանել է՝ ԱՄՆ-ն հրաժարվել է իրենց առավել մանրամասն տվյալներ ներկայացնել՝ պատճառաբանելով, որ դրանք դեռևս գաղտնի են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *