Թուրքիայի նախկին արտգործնախարար Հիքմեթ Չեթինը հանդես է եկել հայտարարությամբ՝ վկայելով, որ նախքան Արևմուտքի երկրները կներխուժեն Սիրիա, անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի առաքելությունը պարզի՝ արդյոք քիմիական զենք իրականում կիրառվել է, թե ոչ։
Չեթինի խոսքերով՝ քիմիական զենքի օգտագործումը հաստատվելու դեպքում միջազգային հանրությունն անպայման համապատասխան կերպով պետք է արձագանքի։
Մեկնաբանելով Թուրքիայի հավանական մասնակցությունը Սիրիայում ռազմական միջամտությանը՝ Հիքմեթ Չեթինն ասել է. «ԱՄՆ-ն ու Եվրոպայի երկրները Սիրիայից հեռու են տեղակայված։ Նրանք, այդ երկրում ենթադրաբար ռազմակիան գործողություններ իրականացնելով՝ թողնելու են, հեռանան, իսկ Թուրքիան մշտապես լինելու է Սիրիայի հարևանը։ Թեկուզ միայն այս հանգամանքը հաշվի առնելով՝ ավելի նպատակահարմար է, որ Թուրքիան չմասնակցի Սիրիայում ռազմական միջամտությանը»։
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 30-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիային ձեռնտու չէ ԱՄՆ առաջարկած «ռազմական սահանափակ միջամտությունը» Սիրիայի հակամարտությանը։ Վարչապետը պնդում է, որ անհրաժեշտ է լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել։ Ավելին, Էրդողանի խոսքերով՝ Արևմուտքը պետք է Սիրիա ներխուժի գալիք շաբաթ և պատերազմի մինչև Բաշար Ասադի հեռանալը։