Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սպիտակ տունը կողմ է Սիրիային ռազմական հարված հասցնելուն, սակայն անհրաժեշտ է համարել նաև Կոնգրեսի որոշումը: Համապատասխան հայտարարությունը նա արել է օգոստոսի 31-ին:
Օբաման նախատեսում է հավանություն ստանալ Կոնգրեսից ռազմական գործողություններ սկսելու համար, ինչի համար էլ կոչ է արել կոնգրեսականներին առաջիկայում սկսել այս հարցի քննարկումը:
Օբաման հիշեցրել է, որ ռազմական գործողություններ սկսելու իրավունք ունի առանց Կոնգրեսի հավանության, սակայն ամերիկյան հասարակության համար կարևոր է այս թեմայի լայն քննարկումը:
Միևնույն ժամանակ Օբաման չի հստակեցրել հնարավոր հարվածի ժամկետները` նշելով, որ «ռազմական գործողությունները կարող են սկսել ինչպես մի քանի օրից, այնպես էլ մեկ տարի անց»:
Օբաման նշել է, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական հարվածի պատասխանատվությունը Բաշար Ասադի վրա է:
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ցույց է տվել, որ ունակ չէ լուծել Սիրիայի հարցը: