Իրանի խորհրդարանն օգոստոսի 28-ին առաջին ընթերցմամբ ընդունել է օրենք, որը պարտավորեցնում է երկրի կառավարությունը Միացյալ Նահանգների դեմ դատական հայց պատրաստել ԿՀՎ-ի՝ 1953 թվականի հեղաշրջմանը մասնակցելու համար։ Համապատասխան օրինագծի օգտին է քվեարկել 167 պատգամավոր։ Դեմ է քվեարկել ընդամենը 5 խորհրդարանական։
Օրենքը պարտավորեցնում է, որպեսզի առաջիկայում հատուկ հանձնաժողով ստեղծվի, որը կքննի 1953 թվականի հեղաշրջման հետ կապված փաստերը։
1,5 տարի անց հանձնաժողովը պետք է ներկայացնի մանրակրկիտ հաշվետվություն-զեկույց։ Իրավաբանների և պատմաբանների եզրակացության հիման վրա էլ Իրանի կառավարությունը ՄԱԿ-ի միջազգային դատարանում պետք է հայց ներկայացնի ԱՄՆ-ի դեմ։
Նշենք, որ Իրանի խորհրդարանը սկսել էր օրինագծի քննարկումն այն բանից հետո, երբ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնազերծել էին փաստաղթղթերը, որոնցով հաստատվում էր, որ ԿՀՎ-ն մասնակցել է 1953 թվականի հեղաշրջմանը, որի ժամանակ հեռացվել էր Իրանի վարչապետ Մոհամեդ Մոսադեքի կառավարությունը։
Իրանի 1953 թվականի հեղաշրջման մասին՝ Ռազմինֆոյի հոդվածում։