Իրանի 1953-ի հեղաշրջումից 60 տարի է անցել

Իրանի՝ 1953 թվականի պետական հեղաշրջումից անցել է 60 տարի։ 53 թվականի օգոստոսի 15-ից 19-ը տևած իրադարձությունների պատճառով պաշտոնանկ արվեց Իրանի վարչապետ Մոհամեդ Մոսադեքը, որը վարում են անկախ քաղաքականություն և հայտնի էր ազգայնական մոտեցումներով։

Հեղաշրջման արդյունքում իշխանությունը մերձավորարևելյան այս երկրում անցավ Մոհամեդ Ռըզա Փահլավիին, ով իր կառավարման տարիներին ակտիվորեն համագործակցում էր Արևմուտքի հետ, ինչն էլ հետագայում 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխության պատճառներից մեկը հանդիսացավ։

1951 թվականին ժողովրդավարական ընտրությունների արդյունքով Մոհամեդ Մոսադեքը դարձավ Իրանի վարչապետ և ձևավորեց նոր կառավարություն։

Իշխանության տարիներին, ունենալով իրանցիների աջակցությունը, Մոսադեքը սկսեց պետականացնել նավթային և գազային հանքավայրերը, ընկերություններն ու խողովակաշարերը։ Այս ամենի արդյունքում բրիտանական և ամերիկյան կազմակերպությունները զրկվեցին իրանական վառելիքն արդյունահանելու հնարավորությունից, ինչը նրանք տասնամյակներ շարունակ անում էին։

Վաշինգթոնին և Լոնդոնին հաջողվեց միջազգային էմբարգո սահմանել Իրանի նավթի և գազի նկատմամբ, ինչի հետևանքով դրանց արդյունահանումը գրեթե դադարեց այդ երկրում։ 1952 թվականին Թեհրանը խզեց Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Մեկ տարի անց Մոսեդեգի կառավարությունը երկրից վտարեց նաև երիտասարդ շահ Ռեզա Փահլավիին։

Իհարկե, նման զարգացումները չէին բխում արևմտյան տերությունների շահերից, որոնք ցանկանում էին շարունակել օգտվել իրանական նավթից և գազից, ինչպես նաև ԽՍՀՄ-ին սահմանակից այդ երկրում ունենալ քաղաքական և տնտեսական մեծ ազդեցություն։ Արևմուտքն ամեն կերպ փորձում էր իշխանությունից հեռացնել Մոսադեգին, ինչի հետ կապված Արևմուտքում պետական հեղաշրջման ծրագրեր էին մշակում։

Ի վերջո, 1953 թվականի օգոստոսի 15-19 ժամանակահատվածում բրիտանական ու ամերիկյան հատուկ ծառայություններին շահի աջակցությամբ և իրանցի զիվորականների խմբից հաջողվեց իրականացնել պետական հեղաշրջում։ Հեղաշրջման ծրագրին ամերիկյան կողմը տվել էր «Նախագիծ «Այաքս» անվանումը, իսկ բրիտանացիները ծրագիրը կոչել էին «Երկարաճիտ կոշիկ» գործողություն։

Ամերիկյան կողմից ծրագիրը գտնվում էր նախագահ Դուայթ Էյզենհաուերի, իսկ բրիտանական կողմից վարչապետ Ուինսթոն Չերչիլի անմիջական հսկողության տակ։

1953 թվականի օգոստոսի 15-ին Իրանում սկիզբ առած անկարգություններն ու բախումները հանգեցրին նրան, որպեսզի 4 օր անց Մոսադեգը պաշտոնանկ արվի զինվորականների խմբի կողմից։

Մոսադեգին կալանավորեցին, իսկ բանտում 3 տարի պահելուց հետո Թեհրանում նա տնային կալանքի դատապարտվեց. նա մահացավ 1967 թվականին։

Իսկ Իրանում Մոսեդեգի պաշտոնկությանը նախորդած բախումների հետևանքով, ըստ տարբեր աղբյուրների, 500-800 մարդ զոհվեց։

Հեղաշրջման արդյունքում Իրանում ողջ իշխանությունն անցավ Ռեզա Փահլավի շահին, վերականգնվեց բացարձակ միապետությունը, իսկ արևմտյան ընկերությունները կրկին հնարավորություն ստացան օգտագործել իրանական նավթային և գազային հանքավայրերը։

Ռեզա Փահլավի շահի հրամանագրով Իրանի վարչապետի պաշտոնում նշանակվեց Ֆազլոլահ Զահեդին։

Փահլավին որպես բացարձակ միապետ կառավարեց Իրանում մինչ 1979 թվականի իսլամական հեղափոխությունը, որի ժամանակ նա գահընկեց արվեց, իսկ մեկ տարի անց տարագրության մեջ մահացավ։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *