Իսրայելի զինված ուժերը նախաձեռնում են հակաօդային պաշտպանության էշելոնային համակարգի զարգացումը։
«Ռոյթերս» գործակալությունը, հղում տալով տեղի ռազմական ռադիոյին, գրում է, որ էշելոնայային համակարգում համատեղ գործադրվելու են ՀՕՊ ու ՀՀՊ հեռահարազդեցության «Պատրիոտ», միջին հեռահարության «Էրոու» և ականանետերի ականներ ու չկառավարվող փոքր հրթիռներ կարճ տարածության վրա որսալու համար նախատեսված «Երկաթե գմբեթ» համակարգեր։
Դեռևս չեն հրապարակվում այս համակարգերի տեղակայման ու քանակի մասին հստակ տվյալներ։ Վերլուծաբանները կարծում են, որ դրանք տեղադրվելու են Սիրիայի սահմանին կից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանիահուն հայտարարել է, որ «Իսրայելը խստագույն կերպով պատասխան կտա ցանկացած օդային հարձակումներին»։ Նա հավանաբար մեկնաբանում էր Սիրիայի ակնարկները, որ ՆԱՏՕ-ի հարձակման դեպքում բացառված չէ՝ հարված կհասցվի Իսրայելին։
Հավելենք, որ դեռևս հուլիսի սկզբին «Լը Բուրժե» ավիացուցահանդեսի ժամանակ ներկայացվել էր «Դավթի պարսատիկ» (David’s sling) անունը կրող հակահրթիռային պաշտպանության համակարգը, որն Իսրայելի հակահրթիռային պաշտպանության եռաստիճան համակարգի 3 բաղկացուցիչ մասերից երկրորդն է, նախատեսված է հեռահար հրթիռներից պաշտպանվելու համար։
«Երկաթե գմբեթ» (Iron Dome) համակարգը, որը նախատեսված է կարճ հեռավորության հրթիռների համար, եռաստիճան հակահրթիռային պաշտպանության առաջին մակարդակն է։
Իսրայելի ՀՀՊ երրորդ մակարդակը «Էրոու» (Arrow) համակարգն է նախատեսված բալիստիկ հրթիռների համար։