ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի ռազմագերուն

Այսօր՝ օգոստոսի 26-ին, հայտնի է դարձել, որ օգոստոսի 23-ին Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում պահվող Ադրբեջանի ռազմագերուն։

Ֆիրուզ Միրզա օղլու  Ֆարաջև

ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության գրասենյակի հանրային կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան մեկնաբանել է, որ Ադրբեջանի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջևին տեղեկություններ են փոխանցվել իր ընտանիքից։

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից Ռազմինֆոյին հայտնեցին, որ ռազմագերուն նամակ է հանձնվել իր ընտանիքից։ Մանրամասն տեղեկություններ հայտնել հրաժարվեցին։

Հիշեցնենք, որ 2012-ի հուլիսի 26-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հայ դիրքապահներին հանձնված Ֆիրուզ Միրզա օղլու Ֆարաջևի դեմ քրեական գործ էր հարուցվել՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274, 334.3 և 338.1 հոդվածներով: Ադրբեջանցի զինծառայողը մեղադրվում է պետական դավաճանության, պետական գաղտնիքի բացահայտման, լրտեսության, դասալքության համար:

Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ պատվիրակ Դրագանա Ռանկովիչի հանդիպման ժամանակ վերջինիս  հայտնել էր, որ Հայաստանում գտնվող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը փոխել է իր մտադրությունը և ցանկություն հայտնել վերադառնալ Ադրբեջան:

Ադրբեջանական կողմի պաշտոնական արձագանքից պարզ չէ՝ արդյոք կողմ են գերիների փոխանակմանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *