Այսօր՝ օգոստոսի 17-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է ՀՀ ՊՆ-ի այն հայտարարությանը, թե ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Օրուջևը ցանկություն է հայտնել վերադառնալ Ադրբեջան։
Ստորև մեջբերում ենք Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուի ուղիղ խոսքը.
«Ֆիրուզ Ֆարաջևը գերության մեջ է ավելի քան մեկ տարի։ Հայկական լրատվամիջոցները, պարբերաբար հղում տալով Ֆարաջևի հարցազրույցներին, գրում էին, որ Ֆարաջևը ցանկանում է անցնել երրորդ երկիր։ Ի՞նչն է փոխվել։ Բարդ չէ հասկանալը։ Հայաստանի պաշտպանության նախարարության՝ վերջին հայտարարությամբ հանդես գաքլը կապված է բնականաբար Հակոբ Ինջիղուլյանի գերության հետ։ Ես չեմ ցանկանում որևէ դիրքորոշում արտահայտել հարցի առնչությամբ, որովհետև դրանով զբաղվում է Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունը»։
Փաստորեն, Սաբիրօղլուն իր խոսքում ո´չ հավանություն տվեց, ո´չ էլ հերքեց գերիների փոխանակման հնարավորությունը։ Հստակ չէ նաև, թե ինչ նկատի ուներ Ադրբեջանի ՊՆ խոսնակը՝ «Ադրբեջանի համապատասխան գերատեսչություն» ասելով։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։
ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը տեղյակ է ռազմագերու մասին, սակայն առայժմ որևէ հստակ գործողություն չի իրականացվել։
Ինջիղուլյանի ծնողներն արդեն մի քանի օր է, ինչ փորձում են ԿԽՄԿ երևանյան գրասենյակի միջոցով տեղեկություններ ստանալ իրենց որդուց։