Ռազմինֆոն արդեն տեղեկացրել էր, որ օգոստոսի 17-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է ՀՀ ՊՆ-ի հայտարարությանը, թե ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջևը ցանկություն է հայտնել վերադառնալ Ադրբեջան։
Կապելով դա Հակոբ Ինջիղուլյանի գերության հետ՝ Ադրբեջանի ՊՆ խոսնակը հստակ ոչինչ չէր ասել՝ շեշտելով «հարցով զբաղվում է Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունը»։
Հայկական կողմի հայտարարությանն արձագանքել է նաև «Ենի Ադրբեջան» (Yeni Azərbaycan) իշխող կուսակցության պատգամավոր, Անվտանգության ու պաշտպանության հարցերով խորհրդարանական կոմիտեի փոխնախագահ Այդին Միրզազադեն։ Պատգամավորն ընդգծել է, որ «Ֆարաջևին սպասում է հայրենիքը, ընտանիքը, և դա ամենից կարևորն է, հայկական գերությունից վերադարձած ոչ բոլորին են դատում»։
Միրզազադեի խոսքերով՝ եթե պարզվի՝ Ֆարաջևը գերի է ընկել իրենից անկախ հանգամանքների բերումով, չի դավաճանել հայրենիքը, ապա կարող է քաղաքացիական հանգիստ կյանք վարել։
Եզրափակելով իր խոսքը՝ պատգամավորն ասել է. «Ոչ մի երկրում չկա անխտիր բոլոր ռազմագերիներին ներելու փորձը, Ադրբեջանը բացառություն չէ։ Եթե հետաքննությունը պարզի, որ ռազմագերին պետական դավաճանություն է թույլ տվել, նա կպատժվի օրենքի ողջ խստությամբ»։
Նշենք, որ Միրզազադեն շրջանցել է այն փաստը, որ 2012-ի հուլիսի 26-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հայ դիրքապահներին հանձնված Ֆիրուզ Միրզա օղլու Ֆարաջևի դեմ քրեական գործ էր հարուցվել՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274, 334.3 և 338.1 հոդվածներով: Ադրբեջանցի զինծառայողը մեղադրվում է պետական դավաճանության, պետական գաղտնիքի բացահայտման, լրտեսության, դասալքության համար:
Բացի այդ, հարկ է հիշել, որ դեռևս 2009-ին 11 տարի ազատազրկման է դատապարտվել Հայաստանի կողմից Ադրբեջանին 2008-ի մայիսի 3-ին հանձնած ռազմագերի Վուսալ Հեյբաթովը, որը հայկական կողմում էր հայտնվել 2008-ի ապրիլի 11-ին։
Ավելի վաղ՝ 2007-ի մայիսի 15-ին կրկին 11 տարի ազատազրկման դատավճիռ է կայացվել մեկ այլ ադրբեջանցի զինծառայող Վուսալ Գարաջևի նկատմամբ. վերջինս հայկական կողմի համաձայնությամբ վերադարձել էր Ադրբեջան 2006-ի դեկտեմբերի 23-ին։
2005-ի հոկտեմբերի 7-ին 12 տարի ազատազրկման են դատապարտվել նախկին ռազմագերիներ Ռուսլան Բագիրովն ու Հայալ Աբդուլաևը, 11 տարի՝ Հիքմեթ Տագիևը։ Նրանց բոլորին մեղադրում են հայրենիքի դավաճանության ու դասալքության մեջ։
Իր հերթին, ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը հիշեցրել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում չի գրանցվել թեկուզ մի դեպք, որ գերությունից վերադարձած զինծառայողը չդատապարտվի։ Ջաֆարովը կոչ է արել ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ռազմագերիները բավականին երկար ժամկետով են ազատազրկվել։
Հավելենք՝ կարևոր է այն, որ Ադրբեջանում տարբեր հարթակներում արդեն իսկ քննարկվում է Ֆարաջևի վերադարձման հարցը, իսկ դա կարող է նշանակել՝ գերիների փոխանակման հնարավորությունը հավանական է։