Իսրայելի կործանիչները ռմբակոծել են Լիբանանի հարավը

Օգոստոսի 22-ի ցերեկային ժամերին Իսրայելի հյուսիսային շրջանները ենթարկվել են հրթիռակոծման Լիբանանի հարավային հատվածից։ Այս տեղեկությունը տարածել են միջազգային լրատվական գործակալությունները, իսկ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է այն։

Իսրայելի ուղղությամբ արձակվել է չորս հրթիռ, տեղեկացնում է «Ռոյթերսը»։ Նրանցից 3-ը պայթել են բնակելի շենքերից հեռու, ինչի պատճառով տուժածներ և ավերածություններ չեն եղել, իսկ չորրորդ հրթիռը հաջողվել է որսալ իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի միջոցով։ Հրթիռակոծման ժամանակ Իսրայելի հյուսիսային հատվածում տագնապ է հայտարարվել։

Հրթիռակոծմանն ի պատասխան օգոստոսի 23-ի առավոտյան Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Բեյրութից հարավ թիրախներին և վերադարձել տեղակայման վայր։ Իսրայելի պաշտպանության նանախարարոթյան ներկայացուցիչները «Հաարեց» թերթի հետ զրույցում հաստատել են, որ գործողությունը հաջող է անցել։

Լիբանանյան «ալ Մանար» պարբերականը նշել է, որ Իսրայելի օդուժը ռմբակոծել է «Պաղեստինի ազատագրման ազգային ճակատ» խմբավորման տեղակայման վայրը։ Ռմբակոծման հետևանքով տուժողներ չեն եղել, բազային նյութական վնաս է հասցվել։ Լիբանանյան աղբյուրը նաև նշում է, որ «Պաղեստինի ազատագրման ազգային ճակատը» հայտարարել է, թե իրենք չեն իրականացրել նախօրեին Իսրայելի տարածքը հրթիռակոծելու գործողությունը, և Երուսաղեմը շփոթել է։ «Պաղեստինի ազատագրման ազգային ճակատում» նշել են, թե հրթիռակոծման հետևում է կանգնած է «ալ Ղաիդա» խմբավորման ենթաճյուղերից մեկը։ Իսրայելական պաշտոնական շրջանակներն այս տեղեկությունը դեռ չեն մեկնաբանել։

Նշենք, որ Իսրայելի տարածքը հաճախ է հրթիռակոծվում ոչ միայն հարևան պետությունների տարածքից (մասնավորապես վերջին շրջանում Սիրիայից, Լիբանանից և Եգիպտոսից), այլ նաև Գազայի հատվածում գործող պաղեստինյան խմբավորումների կողմից։ Հիմնականում դրանք ոչ հզոր, չկառավարվող, հաճախ նաև ինքնաշեն հրթիռներ են, որոնցից պաշտպանության համար Իսրայելը վերջին տարիներին մշակում է «Երկաթ գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համալիրը։

2 responses to “Իսրայելի կործանիչները ռմբակոծել են Լիբանանի հարավը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *