Օգոստոսի 19-ից 21-ը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հիմքի վրա անց են կացվել մասնագիտական և ուսումնամեթոդական հավաքներ, որոնց մասնակցում էին հանրակրթական և մասնագիտացված ուսումնական հաստատությունների զինղեկները:
Հավաքների ընթացքում մեկ անգամ ևս հստակեցվել են նախնական զինվորական պատրաստությանը ներկայացվող պահանջներն ու խնդիրները, շոշափվել են հայ ռազմարվեստի պատմության, քաղաքացիական պաշտպանության հարցեր, անց են կացվել տարբեր պարապմունքներ: Հավաքների ընթացքում զինղեկները հանձնել են նաև մասնագիտական ստուգարքներ:
Հավաքների մասնակիցներին հանդիպել են նաև ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ Արմեն Ղահրամանյանն ու Կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, ովքեր, կարևորելով զինղեկների դերը նախնական զինվորական պատրաստության առարկայի ուսուցման գործում, ընդգծել են այսօրինակ հավաքների նշանակությունը ինչպես մասնագիտական, այնպես էլ տարբեր ոլորտներում զինվորական ղեկավարների դերակատարման բարձրացման առումով:
Հավաքների վերջում՝ արդյունքների ամփոփման ժամանակ, լավագույն արդյունքներ ցուցաբերած զինղեկները Պաշտպանության և Կրթության ու գիտության նախարարների հրամաններով պարգևատրվել են պատվոգրերով և արժեքավոր նվերներով, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը։