Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում այնքան էլ գոհ չեն Ալաբինոյում ընթացող միջազգային տանկային բիաթլոնին ռուսաստանցի տանկիստների գործողություններից։
ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինը լրագրողների հետ զրույցում նշել է, թե զինվորական հրամանատարությունն այնքան էլ գոհ չէ ռազմական օկրուգների տրամադրած անձնակազմերի գործողություններից։
«Ոչ բոլորն էին առաջին կրակից խոցում թիրախները։ Մրցույթի մասնակիցներից մի քանիսն անգամ մեկից ավել վրիպում ունեցան»,-նշել է բանակի գեներալ Բախինը։
Նշենք, որ մերձմոսկովյան Ալաբինոյում օգտոստոսի 12-17 ընթացող տանկային բիաթլոնին մասնակցում է նաև Հայաստանը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի զինված ուժերի տանիկստների հետ։
Տանկային բիաթլոնին մասնակցող երկրների պատվիրակությունները մրցում են Տ-72 Բ տանկերով հավասար պայմաններում։
Կազմակերպող կողմն ընտրել է հենց այս տեսակի տանկերը, քանի որ դրանցից իրենց սպառազինությունում ունեն բոլոր մասնակից երկրները։
ՌԴ հաջորդ տարի կայանալիք տանկային բիաթլոնին հրավիրել էԱՄՆ-ին, Իտալիային և Գերմանիային։
Հիշեցնենք, որ ռուսական բանակում հաճախ կազմակերպվող տանկային բիաթլոն ուսումնական վարժանքը ենթադրում է զանազան խաչընդոտների հաղթահարում և տարբեր զինամթերքներով 0,9-2,2 կմ հեռավորության վրա 3 տարբեր թիրախների խոցում։ Ամեն մի վրիպման դեպքում անձնակազմը տանկով պետք է տուգանային շրջան կատարի՝ 0,5 կմ երկարությամբ։ Հաճախ այս կանոնները որոշակի փոփոխությունների են ենթարկվում։