Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը դատական հայց է ներկայացրել «Յանդեքս» (Yandex) ընկերության դեմ, որը խոշոր ներկայացուցչություն ունի Թուրքիայում։
Ռուսական որոնողական համակարգի Թուրքիայի ներկայացուցչության դեմ դատական հայցը կապված է երկրի տարածքում ռազմական նշանակության շինությունների լուսանկարների հրապարակման հետ, տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը։
Թուրքական օրենքների համաձայն՝ ռազմական նշանակության օբյեկտների լուսանկարումն ու տեսագրումն արգելված է։
Թուրքիայի ԳՇ-ի հայցի հիման վրա Ստամբուլի դատախազությունում կազմված մեղադրականում «Յանդեքսի» Թուրքիայի ներկայացուցչության ղեկավար Բոգդան Վիշնևսկիի համար պահանջվում է մինչև հինգ տարվա ազատազրկում։
Նախօրեին արդեն կայացել է այս գործով առաջին դատական նիստը, որին Վիշնևսկին ներկա չի եղել։
Նշենք, որ «Յանդեքսը» լուսանկարել է և իր կայքերում տեղադրել Թուրքիայի մի շարք բնակավայրերի և տարածքների համայնապատկերներ, ինչպես նաև կազմել քարտեզներ՝ դրանց տեղադրությամբ։ Դրանց շարքում տեղ են գտել նաև ռազմական նշանակության օբյեկտներ, ռազմաբազաներ, զորամասեր, որոնք թուրքական օրենքներով արգելված է լուսանկարել կամ տեսանկարահանել։