ՌԴ-ն 2014 թվականի տանկային բիաթլոնին հրավիրել է նաև Իտալիային և Գերմանիային

2014 թվականին տանկիստների մրցությանը՝ տանկային բիաթլոնին, հնարավոր է մասնակցեն նաև Իտալիան և Գերմանիան։ Ռուսաստանը սրանով ընդլայնում է մրցության մասնակիցների շրջանակը, քանի որ 2013 թվականի օգոստոսի 12-17 տեղի ունեցող տանկային բիաթլոնին մասնակցում են միյան ԱՊՀ երկրների անձնակազմեր։

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Յուր Բորիսովը։ Ըստ տեղակալի՝ այդ պետություններին հրավիրել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

2013 թվականի օգոստոսի 12-17-ը ընթացող տանկային բիաթլոնին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի պատվիրակությունները։

Նշենք, որ օգոստոսի 9-ին Միացյալ Նահանգների և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո Սերգեյ Շոյգուն լրագրողներին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ին հրավիրել է 2014 թվականի տանկային բիաթլոնին։ Ըստ Շոյգուի՝ ԱՄՆ-ն համաձայնել է մասնակցել տանկային բիաթլոնին, որին ամերիկացիները ներկայանալու են սեփական տանկերով։

Հիշեցնենք, որ ռուսական բանակում հաճախ կազմակերպվող «տանկային բիաթլոն» ուսումնական վարժանքը ենթադրում է զանազան խաչընդոտների հաղթահարում և տարբեր զինամթերքներով 0,9-2,2 կմ հեռավորության վրա 3 տարբեր թիրախների խոցում։ Ամեն մի վրիպման դեպքում անձնակազմը տանկով պետք է տուգանային շրջան կատարի՝ 0,5 կմ երկարությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *