Հնդկաստանում որոշել են փորձարկել հինգ տարբեր արտադրողների իրենց առաջարկվող հրաձգային զենքերը։
Մասնավորապես, հնդիկ զինվորականները ցանկանում են տեսնել, թե իրենց առաջարկվող զենքերից որն է առավել համապատասխանում ձմեռային պայմաններում աշխատանքին։
Փորձարկումները նախատեսվում է անցկացնել երկրի Քաշմիր նահանգի Լեհ շրջանում, տեղեկացնում է «Ջեյնսը»։
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը փորձարկելու է իտալական Berreta ARX160, չեխական CZ 805 BREN, իսրայելական ACE-1, գերմանա-շվեյցարական SIG Sauer SG551, ինչպես նաև Հնդկաստանի համար նախատեսված M16A1 հրաձգային զենքերը, որոնք բոլորը 5,56 մմ տրամաչափի փամփուշտներով են կրակում։
Զենքերը որոշվել է փորձարկել Քաշմիրում, որը ոչ միայն երկրի ամենացուրտ շրջանն է, այլ նաև սահմանակից է Պակիստանին, որի հետ Հնդկաստանը խիստ լարված հարաբերություններ ունի։ Ձմեռային փորձարկումներից հետո զենքերը պետք է ամառային փորձարկում անցնեն նաև Ռաջաստան անապատում, որից հետո միայն հնարավոր կլինի ընտրություն կատարել։
Նոր զենքով հնդիկ զինվորականները ցանկանում են փոխարինել տեղական արտադրության ինքնաձիգը, որը չի արդարացրել սպասումները և դուրս է բերվել սպառազինությունից։