Արցախյան պատերազմին մասնակցելու համար թուրք մասնագետներ են պարգևատրվել

Օգոստոսի 21-ին Թուրքիայի Ամասիա նահանգում երկրի ղեկավարության կողմից մեդալներով են պարգևատրվել Թուրքիայի ՌՕՈւ 5-րդ ավիացիոն հրամանատարության անձնակազմի 10 ներկայացուցիչ։ Հանձնված մեդալները թուրք մասնագետներին տրվել են «Ադրբեջանի պատերազմին ծառայության» համար, ինչը ևս մեկ վկայություն է Թուրքիայի՝ Արցախյան պատերազմին Ադրբեջանի կողմից մասնակցելու մասին։

Պարգևատրվածների մի մասն, ամենայն հավանականությամբ, թուրքական F-16 կործանիչների օդաչուներ են։ F-16-երի պատերազմում ներգրավվածության մասին հայտնի էր նույնիսկ դեռ պատերազմի ընթացքում։

Մեդալ ստացած թուրք մասնագետները Թուրքիայի ՌՕՈւ 5-րդ ավիացիոն հրամանատարությունից են, որի կազմի մեջ են մտնում 151, 152 և 153-րդ էսկադրիլիաները։ Ինչպես ավելի վաղ Razm.info-ն գրել էր «Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Ա. F-16-եր» հոդվածում, պատերազմին նախորդող ժամանակահատվածում և դրա ընթացքում Ադրբեջանում եղել էին այս էսկադրիլաների ինքնաթիռներ։ 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից առաջ թուրքական F-16 կործանիչները ժամանել էին Ադրբեջան։ Այն ժամանակ որպես պատրվակ նշվել էր համատեղ զորավարժություններին մասնակցությունը։

Թեև առաջին անգամը չէր, որ Ադրբեջան էին ժամանում թուրքական F-16 կործանիչները, սակայն զորավարժությանը մասնակցելու պատրվակով ժամանած այս խումբը առանձնանում էր նրանով, որ դրա կազմում կային Թուրքիայի ՌՕՈւ 151-րդ և 152-րդ էսկադրիլաներին պատկանող ինքնաթիռներ: F-16-երը թեև բազմաֆունկցիոնալ կործանիչներ են և կարող են կատարել տարբեր առաջադրանքներ, սակայն ինքնաթիռների մեծ պարկ ունեցող երկրներում, այդ թվում և Թուրքիայում, էսկադրիլաներն ունենում են որոշակի «մասնագիտացում»: Այս կերպ՝ Ադրբեջան ժամանած 151-րդ, 152-րդ էսկադրիլաների ինքնաթիռները մասնագիտացած են հակառակորդի ՀՕՊ-ը ճնշելու գործում:


Թուրքիայի՝ Արցախյան պատերազմում մասնակցության մասին Razm.info-ի հոդվածաշարը․

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *