Թուրքիայի մասնակցությունը պատերազմին․ Մաս Գ․ Բահթիյար Էրսայ

Razm.info-ն փորձել է վերլուծել սեպտեմբերի 27-ից Արցախում ռազմական գործողություններին Թուրքիայի զինված ուժերի մասնակցությունը։

Հոդվածաշարի նախորդ մասերը.


«Մաս Գ»-ում անդրադառնում ենք պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ օպերատիվ ղեկավարման կենտրոնի աշխատանքներում Թուրքիայի ԶՈւ բարձրաստիճան զինվորականներից մեկի ներգրավմանը և պատերազմից հետո Ադրբեջանում նրա դերակատարմանը։

Արցախի դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբում աշխատանքները կոորդինացնելու հարցում թուրքական կողմի ներգրավվման մասին պատերազմից հետո գրեց ռուսաստանյան «Վզգլյադ» թերթը։ Հղում անելով Ադրբեջանում իր անանուն պաշտոնական աղբյուրներին՝ թերթը հայտնել էր, որ կոորդինացման աշխատանքները կատարել է Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետ, գեներալ Բահթիյար Էրսայը։ 

Ըստ աղբյուրի՝ Էրսայն անձամբ է մասնակցել Արցախի դեմ ռազմական գործողությունների կազմակերպմանը և հաշվետու է եղել Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության առջև։


Ամփոփ Էրսայի մասին.

Ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2019թ․ օգոստոսին։ Մինչ այդ պաշտոնին նշանակվելը՝ 2016թ․հուլիսից եղել է Թուրքիայի՝ Իրաքին սահմանակից Հաքքարի նահանգում տեղակայված 2-րդ սահմանապահ բրիգադի հրամանատար։ «Վզգլյադ» թերթը գրել էր, որ Էրսայը եղել է 2-րդ հատուկ նշանակության (կոմանդո) բրիգադի հրամանատար, ինչը ամենայն հավանականությամբ շփոթմունքի արդյունք է։ Սահմանապահ 2-րդ բրիգադը գործում է Թուրքիայի ԶՈւ 2-րդ բանակի 7-րդ կորպուսի կազմում, ներգրավված է լեռնային բարդ պայմաններում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) մարտիկների դեմ գործողություններում, իսկ մասնավորապես Էրսայը հայտնի է 2017թ․ Հաքքարիի լեռներում Քալեթեփե կոչվող բարձունքում PKK-ի դեմ իրականացրած գործողությամբ։

Մինչ սահմանապահ 2-րդ բրիգադի հրամանատար դառնալն էլ էրսայը Թուրքիայի ԶՈւ-ում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, եղել է Աֆղանստանում Թուրքիայի ԶՈւ առաքելության կազմում, աշխատել է Թունիսում որպես ռազմական կցորդ և ըստ մամուլի՝ «Արաբական գարնան» ժամանակ կազմակերպել է Թուրքիայի քաղաքացիների տարհանումը, ծառայել է հատուկ նշանակության ուժերում, ռազմական ակադեմիաներից մեկում ևն։ Հայտնի է նաև, որ 2011-ին Էրսայը ձերբակալվել ու 16 տարվա ազատազրկման է  դատապարտվել 2003թ․ ռազմական հեղաշրջման կազմակերպման ծրագրի մեջ ներգրավված լինելու մեղադրանքով, սակայն 31 ամիս բանտում անցկացնելուց հետո արդարացվել է և հետ է վերադարձել ԶՈւ շարքեր։


Չնայած նրան, որ «Վզգլյադ» թերթի տեղեկությունները հիմնվում են բացառապես իրենց փակ աղբյուրների վրա, իսկ հոդվածում Էրսայի մասին կան որոշ թյուրըմբռնումներ՝ Էրսայի՝ Ադրբեջանում գտնվելը և պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ օպերատիվ ղեկավարման կենտրոնում աշխատանքներին մասնակցելը հաստատվում են նաև բաց աղբյուրներով։ 

Պատերազմի ընթացքում Էրսայի՝ Ադրբեջանի ԶՈւ օպերատիվ ղեկավարման կենտրոնում ներկայության մասին է վկայում հոկտեմբերի 26-ին այդտեղ Իլհամ Ալիևի այցը։ Չնայած, որ հրապարակված տեսանյութում, որտեղ կադրերը հնարավորինս փակ են, շտաբում ներկա գտնվող սպաների հիմնական մասը չի ցուցադրվում, իսկ առանձին կադրերում երևացող 3 սպայի դեմքերը փակ են ու հիմնականում մեջքով են, սակայն որոշ ֆիզիկական դետալների համադրությամբ առանձնանում է Էրսայը։

Հատկանշական է, որ Ալիևի ելույթի ժամանակ, երբ նա խոսում էր պատերազմում զոհվածներից, և խոսքի տրամաբանական շարունակությունը ենթադրում էր, որ զինվորականները պետք է ոտքի կանգնեն, Էրսայը դա անում է միայն այն բանից հետո, երբ կողքին նստած սպան ձեռքով հուշում է նրան։ Սա պայմանավորված էր, ամենայն հավանականությամբ, լեզվամշակութային, արտասանական առանձնահատությամբ։

Հաջորդ հատկանշական դրվագը լինում է դեկտեմբերի 31-ին, երբ Թուրքիայի ԶՈւ պատվիրակությունը պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորությամբ ժամանում է Ադրբեջան։ Օդանավակայանում դիմավորման արարողության ժամանակ Էրսայը գտնվում էր ոչ թե Աքարի հետ ժամանած թուրքական պատվիրակության կազմում, այլ ադրբեջանական կողմից դիմավորող խմբի շարքերում՝ Ադրբեջանի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետի հետ միասին։ Առավել ուշագրավ է, որ Էրսայը կրում էր Ադրբեջանի ԶՈւ բարձրագույն սպայական կազմի համար նախատեսված multicam գույներով ու քողարկանախշով սպայական համազգեստ, ընդ որում՝ թևին Ադրբեջանի ԶՈւ տարբերանշանով։

Հանդերձանքի առումով Էրսայը՝ Թուրքիայի ԶՈւ պատվիրակությունից ու սպաներից «առանձնանում է» նաև նույն օրը կազմակերպված միջոցառման ժամանակ, երբ ընդհանուր պատկերում խառը դասավորությամբ տեղավորվել են երկու երկրների սպաները․ Թուրքիայի ԶՈւ սպաները՝ իրենց համազգեստով և Ադրբեջանի ԶՈւ սպաները ու Էրսայը նույն համազգեստով։

Այնուամենայնիվ Էրսայի ներկայությունն Ադրբեջանում չի ավարտվում դեկտեմբերին։ Հունվարի 30-ին Աղդամում բացվում է ռուս-թուրքական մշտադիրակման համատեղ կենտրոնը, իսկ բացման արարողությանը ներկա են լինում ՌԴ-ից, Ադրբեջանից և Թուրքիայից բարձրաստիճան սպաներ, որոնց շարքերում կրկին տեսնում ենք Բահթիյար Էրսային․ այս անգամ՝ Թուրքիայի ԶՈւ հանդերձանքով և տարբերանշանով։

Էրսայն 2021թ․ փետրվարի դրությամբ շարունակում է մնալ Ադրբեջանում։ Փետրվարի 15-ին Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը տեսակապով խորհրդակցություն է հրավիրում, որի ընթացքում նախարարին զեկուցվում էին պաշտպանության և անվտանգության գործունեության վերաբերյալ տեղեկություններ Թուրքիայի ԶՈւ տարբեր զորամիավորումներից, ինչպես նաև տարբեր երկրներում ռազմական առաքելություններից, այդ թվում՝ Լիբիայից, Կիպրոսից, Կոսովոյից ևն։

Թուրքիայի ՊՆ-ն հրապարակել էր նաև այդ խորհրդակցությունից լուսանկար, որտեղ երևում էր նաև, որ տեսակապով Ադրբեջանից միացել է Բահթիյար Էրսայը, իսկ տեսակապի պատուհանը նկարագրված է որպես «Ադրբեջանում Թուրքիայի առաքելության հրամանատարություն»։ Հաջորդ անգամ նման խորհրդակցության ընթացքում Էրսայը երևում է է մեկ ամիս անց՝ մարտի 15-ին։

Հատկանշական է, որ Ադրբեջանում ֆորմալ առումով Թուրքիան ռազմական ներկայություն ունի ականազերծողների խմբի կազմով և Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնով, որտեղ Թուրքիայի կողմից ներկայացուցիչը ոչ թե Էրսայն է, այլ՝ բրիգադային գեներալ Աբդուլլա Քաթրջըն։ 

Կարող ենք արձանագրել, որ Բահթիյար Էրսայը մարտական գործողությունների ավարտից ամիսներ անց էլ շարունակում է մնալ Ադրբեջանում, և դատելով Թուրքիայի ՊՆ փետրվարի 15-ի և մարտի 15-ի խորհրդակցություններից՝ առնվազն կոորդինացնում է թուրքական ռազմական ներկայությունը տեղում որպես «Ադրբեջանում Թուրքիայի առաքելության հրամանատար»։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *