Թուրքիան 2020 թ. Սաուդյան Արաբիային ԱԹՍ-ներ է մատակարարել

Ըստ ՄԱԿ–ի սովորական սպառազինության ռեգիստրի հրապարակած զեկույցի՝ 2020 թվականին Թուրքիան Սաուդյան Արաբիա է արտահանել 3 միավոր անօդաչու թռչող սարք։

Զեկույցում չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ տեսակի ԱԹՍ-ներ են մատակարարվել Էր Ռիադին, սակայն շրջանառվում է 2 տեսակի մարտական ԱԹՍ-ների անուններ՝ Baykar ընկերության «Բայրաքթար ՏԲ2»-ը և «Թուրքական ավիաշինական ընկերության» (TAI) «Անքա»-ն։

Նշենք, որ դեռևս մարտի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր հաստատել այդ շրջանում տարածվող նորությունները` Սաուդյան Արաբիայի՝ Թուրքիայից ԱԹՍ-ներ գնելու ցանկության մասին, թեպետ սաուդական աղբյուրները նշում էին, որ դրանք արդեն իսկ գնվել են ու սաուդների կողմից փորձարկվել։ Ըստ այդ աղբյուրների՝ թուրքական անօդաչուները Սաուդյան Արաբիան պատրաստվում է օգտագործել Եմենում։

Հավելենք նաև, որ նույն ամսին թուրքական Defense News մասնագիտացված կայքին “Vestel Savunma” ընկերության անանուն պաշտոնյան հայտնել էր, որ սաուդական երկու ընկերություն՝ “Intra Defense Technologies”-ը և “Advanced Electronics Company”-ն թուրքական “Vestel Savunma Sanayi” ընկերության լիցենզիայով համատեղ արտադրելու են «Քարայել-ՍՈւ» (Karayel-SU) մարտավարական անօդաչու թռչող սարքեր։ Սաուդյան Արաբիայում սարքը վերանվանվելու է «Հաբուբ» (“Haboob”)։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *