Մարտի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Միջերկրական ծովում Հունաստան-Սաուդյան Արաբիա համատեղ զորավարժությունից, հայտարարել է, որ. «Սաուդյան Արաբիան Թուրքիայից ուզում է հարվածային անօդաչու թռող սարքեր գնել, սակայն մյուս կողմից էլ զորավարժություն է անում Հունաստանի հետ»։
Ըստ Էրդողանի հայտարարության՝ Թուրքիայի համար Սաուդյան Արաբիայի քայլերն անհասկանալի է․ «Անհայտ է՝ ում ձեռքն, ում գրպանում է»,֊ փոխաբերական իմաստով ասել է Էրդողանը, փոխանցում է թուրքական «Սյոզջու» թերթը։
Թուրքիայի նախագահը, փաստորեն, հաստատել է վերջին շրջանում տարածվող նորությունները՝ Սաուդյան Արաբիայի՝ Թուրքիայից ԱԹՍ-ներ գնելու ցանկության մասին, թեպետ սաուդական աղբյուրները նշում են, որ դրանք արդեն գնվել են ու սաուդների կողմից փորձարկվել։ Համացանցում քննարկվում էր Սաուդյան Արաբիայի կողմից թուրքական Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ներ գնելու մասին տեղեկությունները, սակայն սրա պաշտոնական կամ հիմնավոր հայտարարություն մինչ այս չկար, իսկ Էրդողանի հայտարարությունից հետո, կարելի է ասել, որ Bayraktar TB2 տարբերակը, որպես հնարավոր վաճառվելիք արտադրանք, չի բացառվում։
Ըստ այդ աղբյուրների՝ թուրքական անօդաչուները Սաուդյան Արաբիան պատրաստվում է օգտագործել Եմենում։
Բացի այս, ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, որը գրում էր Արցախյան պատերազմին մասնակցելու համար Ադրբեջան ուղարկված վարձկանների մասին, գրում է, որ Թուրքիան այժմ վարձկան ահաբեկիչների է ուղարկում նաև Եմեն։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին Սաուդյան Արաբիայի զինված ուժերի F-15 կործանիչները ժամանել էին Հունաստանի Կրետե կղզի՝ մասնակցելու Սուդա ռազմածովային բազայում երկու երկրի ռազմաօդային ուժերի համատեղ «Բազեի աչք 1» (“Eye of the Falcon 1”) զորավարժությանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհել էր այս զորավարժությունից ու հայտարարել՝ իրենք ցավում են Սաուդյան Արաբիայի այս որոշման համար և թերևս քննարկեն այս հարցը։