Թուրքական Aselsan ընկերությունը սկսել է «Բայրաքթար ՏԲ2» տեսակի անօդաչու թռչող սարքերի համար տեղական արտադրության CATS էլեկտրո-օպտիկական սենսորային համակարգերի առաջին խմբաքանակի մատակարարումը, որը փոխարինում է կանադական WESCAM CMX-15D համակարգերին։
Այս մասին հայտնում է թուրքական մասնագիտացված Savunmasanayİst կայքը։ Համակարգերն արտադրող Aselsan ընկերության տնօրեն Ջիհան Փիրիմօղլուի խոսքով՝ սերիական արտադրության առաջին խմբաքանակի համակարգերը մատակարարվել են ոչ միայն Թուրքիային, այլև արտասահմանյան որոշ երկրների։
Հայտնի է, որ Aselsan-ն այժմ աշխատում է արդիականացված CATS-երի (common aperture targeting system) AF-500C մոդելը կարճ և միջին ալիքային, ինֆրակարմիր ջերմատեսիլ սարքերով համալրելու ուղղությամբ։
Տեղական էլեկտրո-օպտիկական համակարգերի կարիքն առաջացել էր 2020 թ․-ից, երբ Կանադան կասեցրեց անօդաչու սարքերի տեխնոլոգիաների մատակարարումը Թուրքիա՝ Արցախյան պատերազմում Ադրբեջանի կողմից Բայրաքթար ԱԹՍ-ների կիրառման պատճառով (դրանք հագեցած էին կանադական արտադրության WESCAM CMX-15D օպտիկական համակարգերով)։ Իսկ 2021 թվականի ապրիլի 12-ին Կանադայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման արտոնագրերը չեղարկելու մասին։
Նշենք, որ CATS օպտիկական համակարգերի ինտեգրումը իրականացվել է Bayraktar TB2 և Anka-S ԱԹՍ-ների վրա։ Համակարգերը բաղկացած են ջերմային, HD ցերեկային ու ցածր լուսավորության տեսախցիկներից, հեռավորության չափման լազերային սարքից ու լազերային լուսավորության և ուղղորդման սարքերից։