Իլհամ Ալիևը Նախիջևանում մասնակցել է ռազմական աերոդրոմի «բացմանը»

Մայիսի 10-ին Նախիջևան կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Նախիջևանի առանձին համազորային բանակի ՌՕՈւ աերոդրոմի բացման արարողությանը, որը, ըստ «Ռազմինֆոյի» գնահատականի, արդեն իսկ շահագործվում էր ու ավարտուն վիճակում էր նախքան 2020թ․ պատերազմը։

Աերոդրոմը տեղակայված է Նախիջևանի միջազգային օդանավակայանի հարևանությամբ, թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական ավիացիան կիսում են նույն թռիչքուղիները։ Ընդհանուր առմամբ կառուցվել է ուղղաթիռների և ինքնաթիռների* պահպանման համար 8 անգար, կայանատեղիներ, օժանդակ շինություններ, վերակառուցվել է մեկ թռիչքուղի։

Օդանավակայանում կա երկու թռիչքուղի, որոնցից մեկը 2018թ․ քանդվում է և հիմնովին վերակառուցվում։ 2020թ․ սկզբին շինարարական աշխատանքներն արդեն ավարտուն տեսք ունեին։

Անգարների շինարարությունն սկսվել էր 2016 թվականից և ընթացել փուլերով։ 2019թ․ դրությամբ բոլոր 8 անգարներն էլ պատրաստ էին, անգարների կառուցումից հետո բարեկարգվում ու վերակառուցվում է նաև թիռիչքուղու հարակից հատվածը, ինչն ավարտվում է 2020թ․ ամռանը։ Զուգահեռ՝ 2017թ-ից վերակառուցվում է նաև օդանավակայանի հարևանությամբ տեղակայված ՀՕՊ զորամասը, որը գործում է ռազմաօդային ուժերի ենթակայությամբ։

Դատելով բաց աղբյուրների և արբանյակային լուսանկարների վերլուծությունից՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմից առաջ շինարարական աշխատանքները ավարտուն տեսք ունեին, իսկ 2021թ․ մայիսի 10-ի բացման արարողությունը պայմանավորված է Ալիևի այցով։


* Նախիջևանում Ադրբեջանը առաջին անգամ Սու-25 գրոհիչներ տեղակայեց 2017թ․ օգոստոսին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *