Ուզբեկստանը հերքում է երկրում օտարերկրյա բազաների հնարավոր տեղակայման լուրերը

Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունն, ի պատասխան երկրում ամերիկյան ռազմաբազաների հավանական տեղակայման մասին լուրերի, տեղեկացնում է, որ «Ուզբեկստանի պաշտպանական դոկտրինը չի նախատեսում երկրում օտարերկրյա ռազմական բազաների տեղակայում»։

Այս մասին Ուզբեկստանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը։

Մոտակա ամիսներին Աֆղանստանից ամերիկյան զորքի դուրսբերումից հետո ԱՄՆ-ի՝ Կենտրոնական Ասիայում գտնվող ուժերն ու սպառազինությունը տեղակայելու նոր վայր փնտրելու մասին մայիսի 8-ին գրել է The Wall Street Journal ամսագիրը։ Ամերիկացի անանուն պաշտոնյան ամսագրին հայտնել է, որ այս առումով Միացյալ Նահանգներն առաջնահերթություն է տալիս Ուզբեկստանին ու Տաջիկստանին։ Այս երկրները սահմանակցում են Աֆղանստանին, ինչի շնորհիվ կհեշտանար ԱՄՆ անմիջական միջամտությունն այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին։

Սակայն Ռուսաստանի և Չինաստանի ռազմական ներկայությունն ու աճող ազդեցությունը տարածաշրջանում բարդացնում է Կենտրոնական Ասիայում ամերիկյան ռազմաբազաների տեղակայման հարցը։ Աղբյուրը հիշեցրել է, որ Աֆղանստանում պատերազմին իր մասնակցության սկզբում ԱՄՆ-ն արդեն մեկական ռազմաբազա ուներ Ուզբեկստանում և Ղրղզստանում։ Սակայն 2005 թվականին ամերիկացիները լքեցին Ուզբեկստանը, իսկ գրեթե տաս տարի անց՝ Ղրղզստանը։

Նշենք, որ Ուզբեկստանում օտարերկրյա ռազմաբազաների տեղակայման անընդունելիության մասին երկրի ՊՆ-ն հայտարարել էր նաև մայիսի 5-ին՝ կապված մինչև 2025 թվականը Ուզբեկստանի և Ռուսաստանի միջև ռազմական ոլորտում ռազմավարական գործընկերության ծրագրի ստորագրումից հետո տարածված այն լուրերի հետ, թե հնարավոր է ռուսական զորքերի մուտք Ուզբեկստան, ինչպես նաև Ռուսաստանի ռազմական բախումներին Ուզբեկստանի միջամտություն։

Ուզբեկստանի ՊՆ-ն մեջբերել էր երկրի պաշտպանական դոկտրինի 10-րդ կետը, որում ասվում է. «Ուզբեկստանի Հանրապետության քաղաքականությունը պաշտպանության ոլորտում հիմնված է հետևյալ սկզբունքների վրա.

  • իր տարածքում օտարերկրյա ռազմական բազաների և օբյեկտների անընդունելիություն;
  • Զինված ուժերի չմասնակցություն խաղաղապահ գործողություններին և ռազմական բախումներին արտերկրում»։

Հավելենք, որ Ուզբեկստանը մինչև 2012 թվականը «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության» (ՀԱՊԿ) անդամ երկրներից էր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *