Ռուսական ցամաքային զորամիավորումներ և «Իսկանդեր»-ներ՝ Ուկրաինայի հետ սահմանին․ Janes

Միջազգային Janes ռազմական հանդեսն Ուկրաինայի հետ սահմանին նույնականացրել է ռուսական ցամաքային զորքերի առնվազն տասնչորս ստորաբաժանում, որոնք այնտեղ են տեղափոխվել մարտի վերջից։ Հանդեսը նաև պարզել է, որ սահմանային Վորոնեժի* շրջանում են տեղակայվել հավանաբար Սվերդլովսկի շրջանի 119-րդ հրթիռային բրիգադին պատկանող «Իսկանդեր» կարճ հեռահարության բալիստիկ հրթիռային համակարգեր։

*Վորոնեժի շրջանը սահմանակից է Ուկրաինայի Լուգանսկի շրջանի հյուսիսային հատվածին, որը վերահսկվում է ուկրաինական ուժերի կողմից։

«Իսկանդեր» բալիստիկ հրթիռային համակարգերի շարժը Եկատերինբուրգից Չելյաբինսկ
«Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեղափոխումը Վորոնեժի Նովայա Ուսման բնակավայր

Աղբյուրի տվյալներով՝ ռուսական զորքերը շարժվել են ՌԴ Զինված ուժերի Կենտրոնական ռազմական շրջանի 74-րդ և 35-րդ մոտոհրաձգային բրիգադներից, 120-րդ հրետանային բրիգադից և 6-րդ տանկային գնդից։ Գնացքով Վորոնեժ փոխադրված ռազմատեխնիկայի թվում կան տանկեր, հետևակի մարտական ​​մեքենաներ (БМП) և հեռահար հրետանի՝ ներառյալ 2Ս19 Մստա-Ս ինքնագնաց հրետանային համակարգեր, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետներ և ԲՄ-27 «Ուռագան» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

Janes-ի պնդմամբ՝ Վորոնեժ քաղաքից հարավ գտնվող պոլիգոնում ստեղծվել է պլացդարմ, որը հագեցած է Պ-260Տ Ռեդուտ-2ՈւՍ հեռահար հեռահաղորդակցային համալիրներով և դաշտային հիվանդանոցով։ Ղրիմում և հարևան Կրասնոդարի մարզում նույնպես նկատվել է զինտեխնիկայի կուտակում․ մասնավորապես Հարավային ռազմական շրջանից բերվել են ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ և 240 մմ տրամաչափի «Տյուլպան» ինքնագնաց ականանետային համակարգեր։

Հիշեցնենք, որ դեպի Ուկրաինայի հետ սահման երկաթուղիներով և ճանապարհներով շարժվող ռուսական զինտեխնիկայի մասին վերջերս սոցցանցերում տարածված տեսանյութերը հավաքելու և քարտեզագրելու մի քանի փորձ է արել Conflict Intelligence Team-ը (1,2,3,4)։ CIT-ի ուսումնասիրությունից հայտնի է դարձել, որ ռուսական շարասյունները կենտրոնացած են Վորոնեժի հարավում գտնվող դաշտային ճամբարում՝ Ուկրաինայի սահմանից մոտ 250 կմ հեռավորության վրա։

Վորոնեժի հարավում գտնվող դաշտային ճամբարի տեղորոշում

Ուշագրավ է, որ դեռ նախորդ շաբաթ ռուսական «Կոմերսանտ» պարբերականը բացահայտել էր, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը մեծ թվով երկաթուղային պլատֆորմներ է վերցրել՝ խանգարելով անգամ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարմանը գարնանացանին ընդառաջ։

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին առանձնակի լարվել են ռուս-ուկրաինական հարաբերությունները Դոնբասի հակամարտության գոտու և Ղրիմի շուրջ։ Չճանաչված Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետություններն Ուկրաինային մեղադրում են հակամարտության գոտում զինված ստորաբաժանումների թվի ավելացման, զինտեխնիկայի կուտակման, բնակավայրերի ուղղությամբ գնդակոծությունների ինտենսիվացման համար։ Ուկրաինան իր հերթին ահազանգում է, որ Ռուսաստանը Ղրիմում և Ուկրաինայի արևելքում՝ հակամարտության գոտու հետ սահմանին զորք և զինտեխնիկա է կուտակում։ Ստեղծված իրավիճակում օրեցօր մեծանում է Դոնբասում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման իրական վտանգը։

Դոնբասում և Ղրիմում տիրող լարված իրավիճակի մասին առավել մանրամասն՝ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *