Թուրքիայում թոշակառու ծովակալներին ձերբակալել են Էրդողանի ծրագրին դեմ արտահայտվելու համար

Ապրիլի 5-ի վաղ առավոտյան՝ սկսած ժամը 06։00-ից, Թուրքիայում սկսել են ձերբակալել ռազմածովային ուժերի 10 պաշտոնաթող ծովակալի։ Հատուկ ծառայությունները ներխուժել են ադմիրալների տներ ու բերման ենթարկել նրանց, իսկ ևս 4 ադմիրալի պահանջել են անձամբ ներկայանալ բաժանմունք՝ հաշվի առնելով նրանց մեծ տարիքը։

Նախօրեին՝ ապրիլի 4-ին, Թուրքիայի ՌԾՈւ պաշտոնաթող 104 ծովակալ, այդ թվում՝ այսօր ձերբակալվածները, հատուկ ուղերձ-նամակ էին հրապարակել, որով դատապարտում էին Թուրքիայում վերջին շրջանում ակտիվ քննարկվող այն թեման, ըստ որի Թուրքիան հնարավոր է դուրս գա 1936թ. ստորագրված «Նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիա»*-յից։ Այս քննարկումների առիթ է հանդիսացել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Ստամբուլի ջրանցք»** (Kanal İstanbul) կոչվող ծրագիրը, որի կառուցման նախագիծը հաստատվել է նախորդ շաբաթ։

*Ի՞նչ է Մոնտրյոյի կոնվենցիան

1936թ-ին Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում ստորագրված կոնվենցիան հաստատում էր Սև ծովը Մարմարա ծովին միացնող Բոսֆորի և Մարմարա ու Էգեյան ծովերը միացնող Դարդանելի նեղուցների վերջնական կարգավիճակը։ Կոնվենցիան նաև կարգավորում էր այս նեղուցներով նավարկությունը, ինչը գործում է մինչ այսօր։

Ըստ կոնվենցիայի՝

  • առևտրական բոլոր նավերը, առանց որևէ արգելքի կամ վճարի, կարող են անցնել այս նեղուցներով;
  • Սև ծովին սահմանակցող երկրների ռազմանավերը խաղաղ պայմաններում ազատ կարող են անցնել, սակայն այդ մասին պետք է 1 շաբաթ առաջ տեղեկացնեն Թուրքիային և չունեն սահմանափակումներ։ Ծովին չսահմանակցող երկրների ռազմանավերը պետք է զգուշացնեն 2 շաբաթ առաջ, ծովում կարող են մնալ 21 օր և ունեն տարողության սահմանափակում;
  • Պատերազմի ժամանակ Թուրքիան կարող է թույլ տալ կամ արգելել որևէ երկրի ռազմանավի անցումը նեղուցներով, իսկ եթե Թուրքիան պատերազմի կողմ չէ, պարտավոր է փակել նեղուցները բոլորի առաջ։

**«Ստամբուլի ջրանցք»-ը և դրա՝ կոնվենցիայի հետ կապը

«Ստամբուլի ջրանցք»-ը Թուրքիայի իշխանությունների կողմից առաջարկված նախագիծ է, որը ենթադրում է Բոսֆորի նեղուցին զուգահեռ Ստամբուլի միջով նոր նեղուց կառուցել։ Հայտարարված նպատակը՝ թեթևացնել Բոսֆորի նեղուցի ծանրաբեռնվածությունը։

Նախագծին դեմ են Ստամբուլի իշխանությունները՝ ի դեմս քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, ով գլխավոր ընդդիմադիր Հանրապետաժողովրդական կուսակցության (CHP) անդամ է, բնապահպանները, նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ դիվանագետներ, զինվորականներ ևն։

Ջրանցքի նախագիծը, սակայն, Թուրքիայի ներքաղաքական դաշտում այլ դիսկուրսի պատճառ է դարձել։ Քաղգործիչներն անհանգստություն են հայտնում, որ նախագծի պատճառով Թուրքիան կարող է դուրս գալ Մոնտրյոյի կոնվենցիայից։

Դեռ նախորդ տարի Էրդողանը հայտարարել էր, որ Մոնտրյոյի կոնվենցիայի մասին անհանգստանալ պետք չէ, Ստամբուլի ջրանցքը դրա մեջ չի մտնում։ Թուրք ղեկավարը չէր բացառել, որ Ստամբուլի ջրանցքով կարող են նաև ռազմանավեր անցել։

Թեև սկզբնական շրջանում այդ մտահգություններին Թուրքիայի քաղաքական դաշտում լուրջ չէին վերաբերվում, իրավիճակը փոխվեց Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփի կտրուկ հայտարարությունից հետո։ Շենթոփը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահը տեխնիկապես իրավասու է դուրս գալ ցանկացած միջազգային համաձայնագրից՝ առանց խորհրդարանի համաձայնության։ Լրագրողի հարցին՝ «իսկ Մոնտրյոյի կոնվենցիայի՞ց», Շենթոփը պատասխանել էր, որ հնարավոր է, նախագահը ցանկության դեպքում կարող է նաև դրանից դուրս գալու որոշում ընդունել։ Արդարության համար պետք է նշել, որ Շենթոփը խոսքն ավարտել էր հետևյալ ձևակերպմամբ․ «Սակայն «հնարավոր»-ի և «հավանական»-ի միջև տարբերություն կա»։

Ի՞նչ էին ի վերջո ասում պաշտոնթող ծովակալները

Ապրիլի 4-ին տարածած ուղերձում նախկին զինվորականները պնդում են, որ Մոնտրյոյի կենվենցիան ինչպես Թուրքիայի, այնպես էլ սևծովյան մյուս երկրների անվտանգության հիմնական փաստաթուղթն է, և այն Սև ծովը խաղաղ գոտի է դարձնում։

Ըստ ծովակալների՝ այս կոնվենցիան փաստաթուղթ է, որ կանխում է հավանականությունը, որ Թուրքիան ցանկացած պատերազմի ժամանակ կարող է ավտոմատ / առանց իր ցանկության հակամարտող կողմերից մեկի կողմնակից դառնալ ու մտնել պատերազմի մեջ։ Այս պատճառով է, որ Մոնտրյոյի համաձայնագրից դուրս գալն անհանգստացնում է ծովակալներին։

Ծովակալները նաև կոչ են արել հավատարիմ մնալ գործող սահմանադրությանը, որը Թուրքիայի նախագահը Էրդողանը նպատակ ունի մոտ ապագայում փոխելու ու նոր սահմանադրություն ընդունելու։ Իսկ գործող սահմանադրությունն ընդունվել էր 1980 թ. սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից երկու տարի անց՝ 1982թ.։ Էրդողանն այն որակում է հեղաշրջման սահմանադրություն ու առաջարկում ստեղծել նոր՝ քաղաքացիական սահմանադրություն։

Թուրքիայի իշխանությունները ծովակալների հայտարարությունը որակում են որպես «ռազմական հեղաշրջման տարրեր պարունակող» ու պնդում, որ զինվորական հագուստ կրողները չեն կարող իրենց թույլ տալ համազգեստը վերածել քաղաքական գործիքի։ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ զինվորականներից պահանջել է «իրենց չափը ճանաչել ու տեղները նստել»։

Անկարայի հանրապետական դատախազությունը նախօրեին հայտնեց ծովակալների հայտարարության վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին։ Առավոտյան արդեն ձերբակալված 10 ծովակալների թվում է նաև թուրքական «Կապույտ հայրենիք» դոկտրինի հեղինակ Ջեմ Գյուրդենիզը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *