Ադրբեջանի ՊՆ-ն հանդիպել է Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներին

Ապրիլի 1-ին Ադրբեջան են մեկնել թուրքական ռազմարդյունաբերության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում «Ասելսան» և «Հավելսան» ընկերություններից, Թուրքիայի ռազմարդյունաբերական կոմիետից, Թուրքիայի ռազմաօդային ուժերից: Ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովին։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական բանակի նորագույն էլեկտրոնային տեխնոլոգիաներով հագեցումը, կապի համակարգերի կարողությունների ընդլայնումը, ինչպես նաև կողմերի միջև առկա համագործակցությունը, դրա զարգացման հեռանկարները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Թուրքական պատվիրակությունը ղեկավարում է Թուրքիայի ռազմարդյունաբերական կոմիտեի ղեկավարի տեղակալ Մուսթաֆա Մուրաթ Շեքերը։

Նշենք, որ երեկ Ադրբեջան էր մեկնել նաև թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ներ արտադրող Baykar Savunma ընկերության ղեկավար կազմը, այդ թվում՝ տեխնիկական տնօրեն Սելջուք Բայրաքթարը։ Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը Սելջուքին, նրա եղբայր Հալյուքին և նրանց հայր Օզդեմիր Բայրաքթարին շնորհել է «Ղարաբաղ» շքանշան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *