Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) նկատմամբ 2020թ. դեկտեմբերին սահմանված ամերիկյան պատժամիջոցների ակնհայտ ազդեցությունն առայժմ չենք տեսնում, սակայն դրանք որոշ նախագծերում հետագայում կարող են ի հայտ գալ։
Այս մասին թուրքական NTV հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է ՊԱԳՎ պետ Իսմայիլ Դեմիրը՝ հաստատելով, որ Թուրքիա֊ԱՄՆ միջև հակասությունների հետևանքով տուժած F-35 կործանիչների ծրագրի համար թուրքական կողմն իսկապես դիմել է ամերիկյան իրավաբանական ընկերությանը։
Ամերիկյան Foreign Lobby լրատվակայքի տվյալներով՝ ՊԱԳՎ-ն 6 ամսով վարձել է ամերիկյան Arnold & Porter իրավաբանական ընկերությանը՝ F-35 կործանիչների արտադրության ծրագիր վերադառնալու համար օգնություն ու խորհրդատվություն ստանալու նպատակով։ Ըստ աբյուրի՝ իրավաբանական ընկերությունը, բացի թուրքական կողմին խորհրդատվություն մատուցելուց, նաև փորձելու է կապեր հաստատել կործանիչների ծրագրի անդամ մյուս ընկերությունների հետ ու հասկանալ դրանց վերաբերմունքը ծրագրին թուրքական ՊԱԳՎ֊ի մշտական ներգրավվածության նկատմամբ։
Ըստ Դեմիրի՝ թուրքական կողմը նախ տեղական իրավաբանական ընկերությունների հետ է աշխատել, այնուհետ ամերիկյան որոշ իրավաբանական և լոբբիստական ընկերությունների հետ քննարկումներ արել ու ընտրություն կատարել։
Թուրքիայի ՊԱԳՎ պետը հարցազրույցի ընթացքում մի քանի նորություն է հայտնել նաև երկրի ռազմարդյունաբերությունից։ Այսպես՝
- Ս-400-ների երկրորդ խմբաքանակի ձեռքբերման շուրջ աշխատանքները շարունակվում են;
- Թուրքական «Ալթայ» (Altay) տանկի արտադրության համար աշխատանքներ են տարվում տեղական արտադրության շարժիչի շուրջ։ Ամենակարճ ժամկետում ուզում են լուծել շարժիչի հետ կապված խնդիրները;
- «Հիսար֊Ա» (Hisar-A) և «Սունգուր» (Sungur) թուրքական ՀՕՊ միջոցներն այս տարի կսկսեն մատակարարվել զինված ուժերին;
- Տեղական արտադրության TF-X կործանիչի արտադրման ծրագրում ուշացումներ չեն սպասվում (կործանիչը նախատեսում է փոխարինել Թուրքիայի սպառազինությունում առկա F-16 ամերիկյան կործանիչներին։ Առաջին թռիչքը պլանավորվում է 2025թ. ― Ռազմինֆո);
- Նախատեսվում է L-400 Anadolu թուրքական առաջին դեսանտային նավի վրա հարվածային ԱԹՍ տեղադրել։ Դրա համար զարգացնում են Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ները։