Թուրքիան Ս-400-ների օգտագործման հարցով ԱՄՆ հետ բանակցությունների կգնա

Ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը Թուրքիայում «Կրետեի օրինակով» գործածելու համար Թուրքիան կբանակցի ԱՄՆ հետ։ Հունական Կրետեում ռուսական Ս-300 ՀՕՊ համակարգերը մինչ օրս օգտագործվել են միայն զորավարժությունների ժամանակ՝ երկու անգամ։

Բանակցությունների մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ հավելելով, որ այսօր իրենց սպառազինությունում ռուսական համակարգեր, օրինակ՝ Ս-300-ներ, ունեն նաև ՆԱՏՕ այլ անդամ երկրներ, որոնք ժամանակին եղել են Վարշավայի դաշինքի կազմում։

Նշենք, որ Հունաստանն այն եզակի երկրներից է, որը, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, իր սպառազինությունում ունի Ս-300 համակարգեր։ Դրանք 1990-ականների կեսերին ձեռք է բերել Կիպրոսը, սակայն Թուրքիայի կտրուկ արձագանքը ստիպել է 1997թ. տեղափոխել դրանք՝ Կիպրոսից տանելով Կրետե կղզի, իսկ ավելի ուշ Աթենքը Ս-300 համակարգերը սկսել է շահագործել ըստ իր պահանջների։

Թուրք նախարարի այս հայտարարությունը կարելի է ընկալել որպես կոմպրոմիսի ակնարկ ամերիկյան կողմին։ Թեպետ թուրքական կողմը պնդում է, որ ամերիկյան սպառնալիքներն ու պատժամիջոցները որոշիչ չեն, այնուամենայնիվ, երկրում որոշակի դժվարություններ առաջանում են։

Օրինակ՝ թուրքական կողմը զրկվել է ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչները գնելու հնարավորությունից․ նախօրեին Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը չի պատրաստվում Թուրիքային կործանիչների վաճառքի արգելքը վերացնել։

Բացի այդ, Թուրքիան խնդիր ունի նաև վերապատրաստելու իր F-16 կործանիչների օդաչուներին ու նաև մոդերնիզացնելու այդ կործանիչները. 2020թ․ դեկտեմբերին ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության նկատմամբ՝ արգելելով կառույցին ամերիկյան արտադրանքի արտահանման արտոնագրերն օգտագործել, ինչպես նաև սառեցնելով վարչության նախագահ Իսմայիլ Դեմիրի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվներն ու սահմանափակելով նրանց մուտքի արտոնագրերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *