Թուրքիան փորձում է Պակիստանի հետ ռազմական ինքնաթիռներ և հրթիռներ արտադրել․ Bloomberg

Թուրքիան աշխատանքներ է տանում Պակիստանի հետ համատեղ ռազմական ինքնաթիռներ և հրթիռներ արտադրելու ուղղությամբ, ինչը ՆԱՏՕ-ի անդամ երկրին հնարավորություն կընձեռի օգտվել չինական արժեքավոր ռազմական տեխնոլոգիաներից։

Այս մասին գրում է ամերիկյան Bloomberg լրատվական գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Նշվում է, որ Թուրքիայի ՊՆ և կառավարության պաշտոնյաները պարբերաբար բանակցություններ են վարում պակիստանցի գործընկերների հետ՝ Պակիստանի հետ ռազմական սարքավորումներ զարգացնելու և արտադրելու վերաբերյալ։ Վերջին բարձր մակարդակի քննարկումը հունվարին էր, սակայն հայտնի չէ, թե որքանով են կողմերը մոտ վերջնական համաձայնությանը։

Պակիստանը Չինաստանի հետ համատեղ արտադրում է JF-17 Thunder կործանիչներ, բացի այդ՝ խոսակցություններ կան, որ իր “Shaheen” («Շահին») բալիստիկ հրթիռների համար օգտագործել է չինական նախագիծ։ Իսկ Թուրքիան, ըստ աղբյուրի, ցանկանում է դաշնակցել միջուկային տերություն համարվող Պակիստանի հետ, որպեսզի համատեղ իրագործեն «Սիփեր» (Siper կամ «Հիսար Ու») հեռահար ՀՕՊ ծրագիրը, ինչպես նաև արտադրեն թուրքական TF-X կործանիչը։


Թուրքական արտադրության 5-րդ սերնդի TF-X կործանիչների առաջին թռիչքը նախատեսվում է 2025 թ․, իսկ «Սիփեր» հեռահար ՀՕՊ համակարգերի մատակարարումը Թուրքիայի զինված ուժերին ծրագրվում է 2023 թվականին, սակայն դեռևս հայտնի չէ, թե դրանց փորձարկումներն ինչպիսի արդյունքներ կգրանցեն։



Ակնկալվում է, որ ռազմական ոլորտում Թուրքիայի մերձեցումը Չինաստանի հետ էլ ավելի կսրի թուրք-ամերիկյան հակասությունները։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն արդեն իսկ պատժամիջոցներ է կիրառում Թուրքիայի նկատմամբ՝ ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով։ Բացի վերջինիս ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից դուրս թողնելուց՝ Միացյալ Նահանգները Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությանն արգելել է ամերիկյան արտադրանքի արտահանման արտոնագրերն օգտագործել, ինչպես նաև սառեցրել վարչության նախագահ Իսմայիլ Դեմիրի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվներն ու սահմանափակել նրանց մուտքի արտոնագրերը։

Դեռևս հստակ չէ, թե ինչպիսին է պաշտոնական Պեկինի վերաբերմունքն իր պաշտպանական տեխնոլգիաներով Թուրքիայի հետ կիսվելու առումով։ Սակայն օրերս Չինաստանի արտգործնախարարը, պատասխանելով զենքի արտահանման արգելքների վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ իրենք միշտ պատասխանատվությամբ են մոտենում այդ գործընթացին և հետևում են միջազգային պարտավորություներին ու օրենքներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *