Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի օկուպացրած վայրերում, այսօր իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Աշխատանքների արդյունքում զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուններ չեն հայտնաբերվել:
Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Օրվա երկրորդ կեսին Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք: Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի վերջինիս ինքնությունը: Որոնումները կշարունակվեն վաղը»,֊ հայտնում է աղբյուրը՝ նշելով, որ նոյեմբերի 10֊ից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1486 աճյուն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2020-ի սեպտեմբերի 27-ից֊2021-ի փետրվարի 18-ը ներառյալ կատարվել է 3684 զոհվածի աճյունի դատաբժշկական փորձաքննություն: