Թուրքիայի ռազմածովային ուժերը 2 միավոր «Անքա» ԱԹՍ են ստացել

«Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերությունը (TAI, թրք․՝ TUSAŞ) Թուրքիայի ռազմածովային ուժերին է փոխանցել 2 միավոր «ԱՆՔԱ» (ANKA) անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Այդ անօդաչուները կիրառվելու են միջերկրածովյան շրջանների պաշտպանության գործում։

Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ)։ Հայտարարությունից պարզ չէ, թե խոսքը «Անքա» ԱԹՍ-ի որ տարբերակի մասին է՝ հարվածային և հետախուզական, թե՝ միայն հետախուզական:

Մինչ այս Թուրքիայի ՌԾՈւ հրամանատարության սպառազինությունում առկա էր 4 միավոր «Անքա-Բ» (ANKA-B) տիպի անօդաչու։ Այսպիսով, դրանց թիվը հասավ 6-ի։

Նշենք, որ Թուրքիայում տեղական TAI ավիաշինական ընկերության նախագծած «Անքա» անօդաչու թռչող սարքի բազային տարբերակի կառուցման աշխատանքները սկսվել են 2004 թվականից: Այն առաջին անգամ ցուցադրվել է 2010-ին: Տարիներ տևած աշխատանքից հետո՝ 2017 թ. ապրիլի վերջին, ավարտվել էին «Անքա» հարվածային ԱԹՍ-ի կրակային փորձարկումները: Այս ԱԹՍ-ի վրա տեղադրված է 6 տարբեր տրամաչափի հրթիռ, այդ թվում՝ 4 միավոր 70 մմ տրամաչափի CİRİT և 2 միավոր 160 մմ տրամաչափի UMTAS հրթիռներ:

«Անքա» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագրերը՝

  • Իրանի երկարությունը – 8մ,
  • Թևերի բացվածքը – 17,3 մ,
  • Գործողության շառավիղը ուղիղ տեսանելիության պայմաններում– 200 կմ,
  • Թռիչքային զանգվածը – 1600 կգ,
  • Վառելիքի զանգվածը – 250 կգ,
  • Օգտակար բեռնատարողությունը – 200 կգ,
  • Շարժիչը – 114 կՎտ հզորությամբ, 2 մխոց, տուրբո Thielert Centurion 2,0,
  • Առավելագուն արագությունը – 217 կմ/ժ,
  • Սովորական արագությունը – 140,7 կմ/ժ,
  • Թռիչքի առաստաղը – 9144 մ,
  • Թռիչքի առավելագույն տևողությունը – 24-32 ժամ,
  • Բազային ռադարը – Ասելսան Սար (Aselsan Sar):
  • Թևերի մակերեսը – 13,6մ²:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *