Նախիջևանն Ադրբեջանին կապող միջանցքը հսկելու են ՌԴ սահմանապահները

Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապ ապահովելու վերաբերյալ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ճանապարհային, երկաթուղային և հաղորդակցության այլ ուղիների անվտանգությունը հսկելու են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։

Այս մասին ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք հայկական բանակը ներգրավված է լինելու այդ միջանցքի անվտանգության ապահովմանը։

Նախարար Հարությունյանը շեշտել է, որ Հայաստանը, ստանձնած պարտավորությունների համաձայն, կապահովի վերը նշված տրանսպորտային հաղորդակցության անվտանգության պահանջների պահպանումը, սակայն բանակի ներգրավվածության հարց այժմ օրակարգում չկա։

Հիշեցնենք, որ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում։ ՀՀ-ն երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *