ՌԴ-Թուրքիա բանակցությունները Ս-400-ների նոր խմբաքանակի գնման շուրջ շարունակվում են

ՌԴ պետական «Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Միխեևը «Ինտերֆաքս» լրատվականին հայտնել է, որ Թուրքիային ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի լրացուցիչ խմբաքանակ մատակարարելու թեմայով բանակցությունները չեն կասեցվել։

Ուշագրավ է, որ դեռևս փետրվարի 9֊ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է Ս-400-ների օգտագործման հարցով ԱՄՆ հետ բանակցել։ Թուրք նախարարի այս հայտարարությունը ընկալվել էր որպես փոխզիջման ակնարկ ամերիկյան կողմին։

Սակայն հաջորդ օրն ԱՄՆ ՊՆ խոսնակ Նեդ Փրայսը, ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիայի հետ բանակցում են Ս-400-ների հարցով, նշել է, որ իրենց դիրքորոշումն այդ հարցում չի փոփոխվել. ռուսական համակարգերը սպառնում են ՆԱՏՕ֊ի անվտանգությանը։

Դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե Ս-400 համակարգերի գնման որոշումը մեկ գիշերվա ընթացքում չի ընդունվել։ Իսկ ամերիկյան կողմը մինչ այժմ հայտարարել է, որ այս հարցում բանակցությունների չի գնալու։

Հիշեցնենք, որ ռուսական Ս-400 համակարգերի գնման պատճառով Թուրքիան զրկվել է ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչները գնելու հնարավորությունից, իսկ Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը չի պատրաստվում Թուրիքային կործանիչների վաճառքի արգելքը վերացնել։

Բացի այդ՝ 2020 թ. դեկտեմբերին ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի Պաշտպանական անվտանգության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) նկատմամբ՝ արգելելով կառույցին ամերիկյան արտադրանքի արտահանման արտոնագրերն օգտագործել, ինչպես նաև սառեցնելով վարչության նախագահ Իսմայիլ Դեմիրի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվներն ու սահմանափակելով նրանց մուտքի արտոնագրերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *