ՌԴ-ն և Եգիպտոսը պատրաստվում են համատեղ ռազմածովային զորավարժությունների

Նոյեմբերի 17-24-ը Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում և ՌԴ Սևծովյան նավատորմի մարտական պատրաստության ծովային զորավարժարաններում անցկացվելու է ռուս-եգիպտական «Բարեկամության կամուրջ-2020» զորավարժությունը։

Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջից։ Զորավարժության նպատակներն են Եգիպտոսի ռազմածովային ուժերի և Ռուսաստանի ռազմածովային նավատորմի միջև ռազմական համագործակցության ամրապնդումն ու զարգացումը, ինչպես նաև կողմերի միջև փորձի փոխանակումը։

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-յի պնդմամբ՝ զորավարժություններին մշակվելու են ոչ այնքան Սև, որքան Միջերկրական ծովում ծովային անվտանգության ապահովման հետ կապված առաջադրանքներ։ Պատճառը Թուրքիայի կողմից Միջերկրականի առափնյա երկրներում՝ մասնավորապես Լիբիայում* դրսևորած քաղաքականությունն է։

*Թուրքիան աջակցում է Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարությանը» (ԱՀԿ), և 2020թ. հունվարին, ի աջակցություն ԱՀԿ-ի, պաշտոնապես զորք էր ուղարկել այդ երկիր։ ՌԴ-ն և Եգիպտոսն իրենց հերթին աջակցում են «Լիբիայի ազգային բանակին»։

Նշենք, որ Ռուսաստանն ու Եգիպտոսը կանոնավոր կերպով արդեն մի քանի տարի շարունակ համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Երկու երկրների ռազմական նավատորմերի պատմության մեջ առաջին «Համագործակցության կամուրջ-2015» զորավարժություններն անցկացվել են Միջերկրական ծովում, 2016 թ. Եգիպտոսի Էլ Ումաեդ ռազմաբազայում անցկացվել է դեսանտայինների «Բարեկամության պաշտպաններ-2016» զորավարժությունը։ Իսկ 2019 թ․ տեղի են ունեցել երկու երկրների «Բարեկամության պաշտպաններ-2019» և ՀՕՊ զորքերի «Բարեկամության նետ-2019» զորավարժությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *