Թուրքիան և Ուկրաինան պաշտպանական ոլորտի համաձայնագիր են կնքել

Հոկտեմբերի 23-ին թուրքական LODOS ընկերության և Ուկրաինայի պետական ռազմարդյունաբերական «Ուկրօբորոնպրոմ»-ի կազմում եղող գազային տուրբիններ արտադրող «Զորյա-Մաշպրոյեկտ» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր։

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

«Զորյա-Մաշպրոյեկտ» ընկերության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ թուրքական LODOS ընկերության ներկայացուցիչները՝ Հալուք Բայրաքթարի գլխավորությամբ, այցելել են ուկրաինական ընկերություն, որից հետո կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնել համագործակցությունը քաղաքացիական և ռազմական ապրանքների արտադրության և մատակարարման ոլորտում։

Նշվում է, որ այս պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 16-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված ռազմական ոլորտի համաձայնագրի հիման վրա։

Հիշեցնենք, որ վերջին երկու տարում Ուկրաինայի և Թուրքիայի միջև խորացել է համագործակցությունը ռազմարդյունաբերության, հիմնականում անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում։ Նախ Ուկրաինան 2018թ. վերջին Թուրքիայից գնեց Bayraktar տեսակի հարվածային ԱԹՍ-ներ, որից կարճ ժամանակ անց՝ 2019թ. օգոստոսին թուրքական Bayraktar ԱԹՍ-ներն արտադրող «Բայքար» և ուկրաինական պետական Ուկրսպեցէքսպորտ ընկերությունների միջև ստորագրվել էր «Black Sea shield» անունով համատեղ ընկերություն ստեղծելու մասին պայմանագիր։

«Black Sea shield»-ն առաջինը նախատեսում էր թուրքական նույն ընկերության «Աքընջը» հարվածային ԱԹՍ-ի շարժիչի արտադրությունը։ Ընկերության մշակած ուկրաինական ԱԻ-450Տ շարժիչն այդ ԱԹՍ-ի վրա փորձարկվեց 2019թ. նոյեմբերին։

Հուլիսին հայտնի դարձավ, որ կողմերը նախատեսում են սկսել նաև Bayraktar ԱԹՍ-ների համատեղ արտադրություն։ Կարելի է ենթադրել, որ այդ դեպքում ևս շարժիչը կարող է լինել ուկրաինական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *