Լիբիայի հակամարտող կողմերը հրադադարի համաձայնագիր են ստորագրել․ ՄԱԿ

Հոկտեմբերի 23-ին Լիբիայի հակամարտող երկու կողմերը Ժնևում համաձայնագիր են ստորագրել կայուն հրադադար հաստատելու մասին, որը միանգամից ուժի մեջ է մտնում։ Համաձայնագրով երեք ամսվա ընթացքում Լիբիայից պետք է դուրս գան բոլոր օտար ուժերը, որից հետո տարածքում պարեկություն կիրականացնեն համատեղ ոստիկանական ուժերը։

Այս մասին հայտնում է Լիբիայում ՄԱԿ առաքելությունը, փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ երկիրը պետք է լքեն նաև այն ուժերը, որոնք Լիբիայի ներսում ռազմական պատրաստության էին անցկացնում։ Կողմերը համաձայնել են ստեղծել նաև համատեղ սահմանափակ ռազմական ուժեր, որոնք կազմված կլինեն կանոնավոր զինաձնակազմից։

Բացի այդ, պետք է իդենտիֆիկացվեն Լիբիայի տարածքում գործող բոլոր զինված խմբավորումները, իսկ այնուհետ մշակվի մեխանիզմ, որով այդ խմբի անդամներն առանձին֊առանձին կինտեգրվեն պետհամակարգ։

Լիբիայի հակամարտող կողմերը հրադադարի համաձայնագիր են ստորագրել․ ՄԱԿ
Լիբիայի հակամարտող կողմերը հրադադարի համաձայնագիր են ստորագրել․ ՄԱԿ

Լիբիայի հակամարտող կողմերը համաձայնել են բացել օդային և ցամաքային ճանապարհները, կատարել ռազմագերիների փոխանակում։

Որոշվել է ՄԱԿ֊ի առաքելության հետ համատեղ մեխանիզմ մշակել հրադադարի պայմանավորվածության պահպանման մշտադիտարկման համար։ Կողմերը դիմել են ՄԱԿ առաքելությանը՝ համաձայնագրի փաստաթուղթը ՄԱԿ Անվտանգության խորհուրդ ներկայացնելու և հատուկ բանաձև ընդունելու համար։

Լիբիայի հակամարտության շուրջ բանակցությունները Ժնևում վերսկսել էին հոկտեմբերի 19-ից։ Դրանք անցկացվել են «5+5» ռազմական խորհրդի ֆորմատով․ խորհրդում ընդգրկված էին երկու կողմերի ԶՈւ 5-ական ներկայացուցիչ։ Հրադադարի համաձայնությունը Լիբիական կոնֆլիկտի կարգավորման միայն առաջին քայլն է, սրանից հետո «5+5» խորհուրդը այլ հանդիպումներ է անցկացնելու գործընթացը շարունակելու համար։

Նշենք, որ Լիբիայում պաշտոնապես գործող օտարերկրյա ուժը Թուրքիան է, որը 2020թ. հունվարին, ի աջակցություն «Ազգային համաձայնության կառավարությանը», պաշտոնապես զորք էր ուղարկել այդ երկիր։ Թուրքական կողմը հայտարարում էր, որ Լիբիայում իրենք միայն խորհրդատվական աշխատանքներ են տանում և վերապատրաստումներ անում։ Մարտերին գեներալ Խալիֆա Հաֆթարի ուժերի դեմ ներգրավված էին նաև թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ֊ները։

Ոչ պաշտոնապես հակառակ կողմին՝ «Լիբիայի ազգային բանակին» աջակցում էր Ռուսաստանը, Եգիպտոսը, ԱՄԷ֊ն։


Հիշեցնենք, որ 2011թ-ին Լիբիայում սկսվել էր քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս: 

Երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: Լիբիայի ազգային բանակը (Libyan national army) ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը։

Երկրի արևմուտքում ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից Ֆաիզ ալ Սարաջի ղեկավարությամբ իշխում է «Ազգային համաձայնության կառավարությունը»՝ Տրիպոլի քաղաք-կենտրոնով: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր։

Գեներալ Հաֆթարի գլխավորությամբ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019 թ․ մայիսից վերսկսվել էր պայքարը, սակայն Հաֆթարի ուժերը հատկապես 2020թ. երկրորդ կեսի մարտերում խոշոր տարածքային կորուստներ սկսեցին կրել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *