Ադրբեջանն ու Թուրքիան նախապես են պատրաստվել պատերազմին. դատախազություն

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և դրա ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ծանր հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս սույն թվականի օգոստոսի սկզբից Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծաքանակ զինծառայողներ, գտնվելով Ադրբեջանի զինված ուժերում, զանգվածաբար մարտական պատրաստության դասընթացներ են անցկացրել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հետ։

Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

Ըստ դատախազության տվյալների՝ թուրք ռազմական հրահանգիչները դասընթացներ են անցկացրել հատկապես լեռնային պայմաններում մարտ վարելու հմտություններ փոխանցելու նպատակով։

Սեպտեմբերի կեսից սկսած՝ սահմանագծի մոտ բնակավայրերում, բնակիչների այգիներում, ինչպես նաև ծառածածկ և հնարավորինս քիչ տեսանելի այլ վայրերում տեղակայվել են հրետանային համակարգեր՝ քաղաքացիներին ներկայացնելով, թե դրանք զորավարժությունների անցկացման համար են: Սակայն պատերազմի սկսման առաջին իսկ պահից այդ համակարգերն իրականացրել են մարտական խնդիրներ։

Պատերազմական գործողությունների նախապես պատրաստված լինելու մասին վկայում են նաև մի շարք այլ փաստեր։ Օրինակ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը հայտարարեց պահեստազորի զորավարժությունների մասին, որոնք մեկնարկեցին սեպտեմբերի 21-ից։ Սեպտեմբերի 21-ին համացանցում տեսնյութեր հրապարակվեցին, որտեղ երևում էր, որ ուժային կառույցները բռնագրավում են քաղաքացիների պիկապ թափքով մեքենաներ։

Սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի ՆԳՆ-ն հաստատեց լուրը, պատճառաբանելով, որ մեքենաները անցնելու են պլանային տեխզննում։ Ընդ որում, հավաքներից մի քանի օր անց հայտնի դարձավ, որ պահետազորը զորակոչվել է ոչ թե նախապես հայտարարված 15 օրով, այլ առնվազն 2 ամսով։

Հաջորդ ուշագրավ դեպքը նախապատերազմյան Ադրբեջանում, դա երկրի ՊՆ մամուլի ծառայությունում նոր հաստիք ստեղծելն էր։ Այսինքն ըստ էության Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը հասկանում էր, որ հաջորդիվ մարտական գործողությունների ընթացքում տեղեկատվական դաշտում նոր հաստիքով աշխատակից է պետք, քանզի Ադրբեջանում երկար տարիներ ինֆորմացիոն աշխատանքները կատարել է մեկ անձ։

Նաև տարօրինակ էր նախքան պատերազմը Ադրբեջանի ՊՆ վարած ինֆորմացիոն քաղաքականությունը, որը օպերատիվ ներկայացնում էր «հայկական գնդակից» զոհեր և վիրավորներ։ Ադրբեջանի ՊՆ-ն երբեք որևէ հնարավորություն բաց չի թողել սեփական կորուստների և վիրավորների մասին տեղեկություններ թաքցնելու համար, սակայն սեպտեմբերի 21-22-ին արված հայտարարությունների նպատակը սահմանին լարվածության ֆոն ստեղծելն ու հետագա քայլերի համար հող նախապատրաստելն էր։

Թուրքիայի մասնակցությունը պատերազմական գործողություններին ևս նախապես պլանավորած էր։ Հատկանշական է, որ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունից հետո թուրքական F-16 կործանիչները մնացին Ադրբեջանում՝ Գյանջայի օդանավակայանում։ Թուրքիան բացի ռազմական հրահանգիչներ և զինտեխնիկա տրամադրելուց, նաև տեղեկատվական դաշտում էր գործուն մասնակցություն ցուցաբերում։ Դա վկայում է առաջնագծի տարբեր հատվածներում թուրքական լրատվական գործակալությունների ներկայությունը, ովքեր պատերազմի հենց առաջին օրվանից լուսաբանում էին դեպքերը։

Նշենք, որ սեպտեմբերի 25-ին՝ պատերազմական գործողություններից 2 օր առաջ, Ադրբեջանը մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորների սահմանային մոնիթորինգի այցը։ Նույն օրը Ադրբեջանի նախագահի խորհրդական Մեհերամ Ալիևը հարցազրույցում ասում է, որ իրենց երկրում բոլորը համակարծիք են Արցախի հարցը պատերազմով լուծելու մասին։

Հատկանշական է, որ նույն օրը՝ սեպտեմբերի 25-ին, Երևանում և Բաքվում ԱՄՆ դեսպանատները ԱՄՆ քաղաքացիներին զգուշության կոչ էին արել՝ չայցելել վայրեր, որոնք կարող են դառնալ հնարավոր ռազմական գործողությունների վայրեր։

Հետաքրքրական է նաև թուրքական արտադրության Bayraktar TB2 ԱԹՍ-ների կիրառումը Ադրբեջանի կողմից, քանի որ մինչև պատերազմական գործողությունները որևէ փաստական տվյալներ չկային, որ Ադրբեջանի ԶՈւ սպառազինությունում առկա էին Bayraktar TB2 ԱԹՍ-ներ։

Վերը թվարկված բոլոր կետերը միանշանակ վկայում են, որ Ադրբեջանը առնվազն մեկ ամիս առաջ պատրաստվել էր ռազմական գործողություններ հրահրելուն և Թուրքիան անմիջական մասնակցություն ունի Ադրբեջանի վարած ագրեսիվ գործողություններում։

One response to “Ադրբեջանն ու Թուրքիան նախապես են պատրաստվել պատերազմին. դատախազություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *