Ուկրաինան Ղրիմում իրականացնում է արդիականացված «Մի-24Պ» ուղղաթիռի պետական փորձարկումները։ Գործարանային փորձարկումներն անցել էին այս տարվա ամռանը և աշնանը, որի ընթացքում ուղղաթիռները օդում էին եղել մոտ 100 ժամ և ծախսվել էին մոտ 20 տոննա զինամթերք։ Պետական փորձարկումների ժամանակ արդեն օգտագործվել են 200-ից ավելի չկառավարվող ավիացիոն հրթիռներ, 300-ից ավելի արկեր, 10 250կգ ավիառումբեր (ФАБ-250)։
Արդիականացված ուղղաթիռն ունի «Մոտոր-Սիչ» ընկերության մշակած «ТВЗ-117ВМА-СБМ1В» շարժիչ, նոր նշանառու համակարգ, արբանյակային նավիգացիայի համակարգ, օպտիկա-էլեկտրոնային ճնշման համակարգ և այլն։
«Մի-24» ուղղաթիռների արդիականացման շրջանակներում ուկրաինացիները համագործակցում են ֆրանսիական «Սաժեմ» ընկերության հետ։ Բացի այդ Ուկրաինան աշխատանքներ է տանում նաև «Մի-8» ուղղաթիռների արդիականացման ուղղությամբ, մասնավորապես այդ ուղղաթիռների վրա ևս տեղադրվելու են «ТВЗ-117ВМА-СБМ1В» շարժիչներ։
Նշեմ, որ Հայաստանի ռազմաօդային ուժերը նույնպես զինված են «Մի-24» և «Մի-8» ուղղաթիռներով, մասնավորապես մենք ունենք առնվազն 8 «Մի-24Պ», 2 «Մի-24Կ», 2 «Մի-24Ռ», 10 «Մի-8ՄՏ» և 2 «Մի-9» (Military Balance 2010)։ Այսպիսով այդ ուղղաթիռների արդիականացման ուկրաինական ծրագիրը մեր համար ևս կարող է որոշակի հետաքրքրություն ներկայացնել։
Հիշեցնեմ նաև, որ Ուկրաինան արդիականացնում է նաև իր «Սու-25» գրոհիչները։
Pingback: ԱՄՆ-ն, Չինաստանը և Ուկրաինան փորձարկում են արդիականացված և նոր արտադրված զինտեխնիկաները | Ռազմ.info