Սեպտեմբերի 17-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Լիբիայի հարցով այսօր կայացած թուրք-ռուսական բանակցություններում առաջընթաց է գրանցվել, հրադադարի վերաբերյալ կողմերի մոտեցումներն ավելի են հստակեցվել։
Այս մասին Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է CNN լրատվականի թուրքական ծառայությանը տված հարցազրույցի ընթացքում։
Թուրքիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ Լիբիայում իրենց աջակցությունը վայելող «Ազգային համաձայնության կառավարության» (GNA) ղեկավար Ֆայիզ ալ Սարաջը նշել է, որ հրաժարական է տալու հրադադարից հետո կայանալիք ընտրությունների նախաշեմին՝ հոկտեմբերի վերջին։
Հավելենք, որ օգոստոսի 21-ին հրադադարի մասին լիբիական հակամարտության կողմերի հայտարարությունից հետո՝ սեպտեմբերի 13-ին, հրաժարականի դիմում էր ներկայացրել Լիբիայի արևելյան կառավարությունը, որը հենվում է գեներալ Խալիֆա Հաֆթարի բանակի վրա։ Սակայն Ներկայացուցիչների պալատն առայժմ չի հաստատել այդ դիմումը։ Որպես հրաժարականի պատճառ նշվում է երկրի հյուսիսային Բենգազի քաղաքում շարունակվող բողոքի ցույցերը։
2011թ-ին Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս:
Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: Լիբիայի ազգային բանակը (Libyan national army) ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019 թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։
«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր։