Սեպտեմբերի 13-ին Լիբիայի արևելյան կառավարությունը, որը հենվում է գեներալ Խալիֆա Հաֆթարի բանակի վրա, հրաժարականի դիմում է ներկայացրել Ներկայացուցիչների պալատին, որն առայժմ չի հաստատվել։ Հրաժարականի պատճառը երկրի հյուսիսային Բենգազի քաղաքում շարունակվող բողոքի ցույցերն են։ Ցուցարարները նախորդ օրն այրել էին կառավարության շենքը։
Այս մասին գրում է Associated Press լրատվական գորածակալությունը։ Նշվում է, որ կառավարության մամուլի խոսնակի տվյալներով Ներկայացուցիչների պալատը կառավարության դիմումը վերանայելու է հաջորդ նիստին, որի կայացման ամսաթիվն այս պահին հայտնի չէ։
Ցույցերը երկրի արևելյան խոշոր քաղաքներում սկսվել են սեպտեմբերի 10-ին։ Դրանք ընդգրկում են երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Բենգազին, էլ֊Բեյդա, Սաբհա և գեներալ Խալիֆա Հաֆթարի հենակետ հանդիսացող Մարջ քաղաքները։ Ցուցարարները բողոքում են կյանքի վատ պայմանների, էլեկտրաէներգիայի անջատումների և ֆինանսական ճգնաժամի համար։
Երկրի արևելքում տնտեսական ճգնաժամի և էլեկտրաէներգիայի անջատումների հիմնական պատճառն արևմուտքում գործող ժամանակավոր կառավարության՝ «Ազգային համաձայնության կառավարության» ուժերի կողմից տարվա սկզբից ի վեր նավթային ենթակառուցվածքների շրջափակումն է։
2011թ-ին Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս:
Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: Լիբիայի ազգային բանակը (Libyan national army) ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019 թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։
«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր։