Հունաստանը Ֆրանսիայից 18 Rafale կործանիչ ձեռք կբերի. Հունաստանի վարչապետ

Սեպտեմբերի 13-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Հունաստանը Ֆրանսիայից գնելու է 18 միավոր Rafale («Ռաֆալ») կործանիչ՝ փոխարինելու Mirage 2000 կործանիչներին։

Բացի այդ, Հունաստանը գնելու է ևս 4 ֆրեգատ, նավատորմի համար 4 ուղղաթիռ, իսկ հավելյալ 4 ֆրեգատ էլ վերանորոգելու են։

Այս մասին հայտնում է ֆրանսիական France 24 լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Հունաստանի վարչապետի հայտարարությանը ուշ երեկոյան պատասխանել են Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունից, նշելով, որ նախարարը ողջունում է Միցոտակիսի հայտարարությունը։

Այս հայտարարությունը հունական կողմից հնչում է Միջերկրական ծովի շուրջ ծավալված թուրք֊հունական կոնֆլիկտի ֆոնին, որտեղ Ֆրանսիան բացահայտ աջակցություն է հայտնում Հունաստանին։ Կոնֆլիկտի պատճառը Կրետե կղզուց Կիպրոս ընկած ծովային տարածությունում բնական պաշարների արդյունահանման հետախուզումն է, թե՛ Հունաստանը, թե՛ Թուրքիան պնդում են, որ այդտեղ հետախուզական գործողություններ անելու իրավունք ունեն։

Օգոստոսի վերջին Թուրքիան հինգ ռազմանավի ուղղեկցությամբ այստեղ է ուղարկել իր հետախուզական Օրուչ Ռեիս նավը, ինչից կոնֆլիկտն ավելի էր լարվել։ Դրանից հետո Հունաստանն ու Ֆրանսիան հայտարարեցին Միջերկրականում համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին։ Թուրքական նավը հետ է վերադարձել Թուրքիայի ափեր սեպտեմբերի 13-ին, ինչը ենթադրում է, որ լարվածությունն այդ ուղղությամբ կարող է առայժմ մի փոքր թուլանալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *