Օգոստոսի 21-ին Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարության» (ԱՀԿ-GNA) Նախագահական խորհրդի ղեկավար Ֆաիզ ալ Սարաջը կառավարական ուժերին հրամայել է անհապաղ հրադադար հաստատել և դադարեցնել Լիբիայում բոլոր ռազմական գործողությունները, ինչպես նաև լիբիական ճգնաժամին վերջ տալու նոր նախաձեռնության շրջանակներում կոչ է արել հաջորդ տարվա մարտին անցկացնել նախագահական և խորհրդարանական ընտրություններ։
Երկրի արևելքում գործող «Լիբիայի ազգային բանակի» (LNA) Ներկայացուցիչների պալատը իր հերթին հայտարարել է, որ ակնկալում է, որ ռազմավարական կարևոր նշանակության պատճառով կողմերի միջև լարվածության կենտրոն դարձած Սիրթ քաղաքն էլ կդառնա նախագահական նոր խորհրդի ժամանակավոր շտաբը։
Լիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելության հատուկ ներկայացուցչի պաշտոնակատարը ողջունել է Նախագահական խորհրդի և Ներկայացուցիչների պալատի հայտարարությունները, որոնք ուղղված են հրադադարի հաստատմանը և քաղաքական կարգավորման գործընթացն ակտիվացնելուն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Տրիպոլի էին այցելել Գերմանիայի ԱԳՆ Հեյկո Մաասը, Թուրքիայի և Կատարի պաշտպանության նախարարները՝ երկրում հրադադարի հաստատման և լիբիական հակամարտության քաղաքական կարգավորման վերաբերյալ քննարկումների համար։
Նշենք, որ դեռևս հունիսի 1-ին Լիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը հայտարարել էր, որ Լիբիայում հակամարտող երկու ուժերը՝ արևմտյան «Ազգային համաձայնության կառավարությունը» և արևելյան «Լիբիայի ազգային բանակը», համաձայնել են վերսկսել Բեռլինում տարվա սկզբին համաձայնեցված բանակցություններն՝ ուղղված երկրում հրադադարի հաստամանը։ Սակայն, ընդամենը 2 օր անց Լիբիայի արևմտյան ուժը՝ ԱՀԿ-ն, նոր ռազմագործողություն էր սկսել «Լիբիայի ազգային բանակի» դեմ՝ տապալելով գործընթացը։
2011 թ-ին Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս:
Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: Լիբիայի ազգային բանակը (Libyan national army) ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019 թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։
«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր։