Ադրբեջանի ԶՈւ պատվիրակությունը կրկին հանդիպել է Թուրքիայի ՊՆ-ին

Հուլիսի 20-ին Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովը և Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար Քերեմ Մուստաֆաևը կրկին հանդիպել են Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարին։ Հանդիպումը կրկին եղել է Թուրքիայում։

Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊՆ֊ն։ Հանդիպմանը թուրքական կողմից ներկա են եղել նաև պաշտպանության փոխնախարար Մուհսին Դերեն և ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերը։

Նշվում է, որ թուրք նախարարը իրենց պետության և զինված ուժերի կողմից կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին։

Հիշեցնենք, որ ադրբեջանական պատվիրակությունը Թուրքիա էր մեկնել հուլիսի 16-ին։ Պատվիրակությունը նախ մի քանի հանդիպում էր ունեցել ՊՆ Հուլուսի Աքարի հետ, այնուհետ նաև հանդիպել Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրի հետ։

Աքարի հետ հանդիպմանը կողմերը քննարկել էին հուլիսի 12-ից Հայաստան֊Ադրբեջան սահմանի Տավուշ֊Թովուզ ուղղությամբ ստեղծված իրավիճակը։ ՊԱԳՎ պետի հետ հանդիպմանը Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը, սկսած ԱԹՍ-ներից մինչև զինամթերք ու հրթիռներ, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, մշտապես գտնվում է Ադրբեջանի տրամադրության տակ՝ իր ողջ փորձով, տեխնոլոգիաներով և հնարավորություններով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *