ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը Հայաստանին ու Ադրբեջանին հրադադարի կոչ են անում

Հուլիսի 14-ին Հայաստան֊Ադրբեջան սահմանի Տավուշի ուղղությամբ տիրող իրավիճակին անդրադարձել են ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մորգան Օրթագուսը։

ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տարածած հայտարարությունը Գուտերեշի արձագանքի վերաբերյալ․

«Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է Հայաստան֊Ադրբեջան միջազգային սահմանի երկայնքով ներառյալ ծանր զենքով փոխհրաձգության և դրա արդյունքում եղած զոհերի մասին հաղորդումներից։

Գլխավոր քարտուղարը հորդորում է անհապաղ վերջ տալ մարտերին և կոչ է անում բոլոր ներգրավված կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակն ապաէսկալացնելու համար, ինչպես նաև՝ կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից:

Գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօր տարածած հայտարարությունը և վերահաստատում է իր լիակատար աջակցությունը նրանց բոլոր ջանքերին՝ ուղղված այս վտանգավոր իրավիճակի լուծմանն ու Լեռնային Ղարաբաղի երկարատև կոնֆլիկտի խաղաղ ու բանակցային լուծման»։

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մորգան Օրթագուսի անդրադարձը

« ԱՄՆ֊ն խստորեն դատապարտում է բռնությունը Հայաստան֊Ադրբեջան միջազգային սահմանի ամբողջ երկայնքով։ Մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել նրանց միջև առկա հաղորդակցման միջոցները, որպեսզի խուսափեն հետագա էսկալացիայից և պահպանեն հրադադարը։

․․․ ԱՄՆ-ն միանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով կողմերին հնարավորինս արագ վերսկսել բանակցությունները և ընդգծելով հանգամանքների նպաստավոր լինելու դեպքում ԵԱՀԿ դիտորդների տարածաշրջան վերադառնալու կարևորությունը»։

Նշենք, որ հուլիսի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս տարածել էին հայտարարություն Հայաստան֊Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր․ «Համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահ Անդրեյ Կասպրշիկը ․․․ միջադեպի առաջին օրվանից ուղիղ կապի մեջ են եղել հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հետ։ Կողմերը միմյանց մեղադրել են մարտերը սկսելու համար։ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում՝ կողմերի միջև գոյություն ունեցող ուղղակի հաղորդակցության ուղիները, հետագա էսկալացիան կանխելու համար։

Համանախագահները նաև կոչ են անում կողմերին հնարավորինս արագ վերսկսել բանակցությունները և շեշտում են ԵԱՀԿ դիտորդների տարածաշրջան վերադառնալու կարևորությունը»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *