Թուրքիայի զինված ուժերում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով երկրի 9 նահանգում պաշտոնապես արգելվել են նորակոչիկներին հրաժեշտ տալու արարողությունները, բազմամարդ հավաքներն ու ավտոշարասյուները։ Զորակոչից առաջ զինվորներին կարող են ճանապարհել միայն «առաջին աստիճանի» բարեկամները։
Այս մասին հայտնում է թուրքական Sözcü լրատվակայքը։
Արգելքը նախ ուժի մեջ էր մտել Ստամբուլում՝ հուլիսի 7-ին, իսկ հուլիսի 8-ին այն տարածվել է նաև Անկարա, Մալաթիա, Մերսին, Հաթայ, Կայսերի, Քահրամանմարաշ, Աղրը և Բուրսա նահանգների վրա։ Արգելքը խախտողները կենթարկվեն 3150 թուրքական լիրա (~ 473 ԱՄՆ դոլար) վարչական տուգանքի։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ՊՆ-ն մայիսի 15-ին որոշում էր ընդունել զորակոչն անվտանգ իրականացնելու նպատակով բոլոր նորակոչիկներին նոր տեսակի կորոնավիրուսի համար թեստավորելու մասին, իսկ մայիսի 22-ին հայտնել էին, որ զորակոչի հետ կապված գործընթացների մեծ մասն իրականացվելու է առցանց տարբերակով։