Թուրքիայում զորակոչի գործընթացների մեծ մասն անցկացվելու է առցանց

Թուրքիայի պաշտպանության նախարարության Հավաքագրման գլխավոր վարչությունը հրապարակել է երկրում հունիսի 5-ից վերսկսվող զորակոչի նոր պայմանների վերաբերյալ ծանուցագիր։

Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի ՊՆ կայքէջից։

Նոր կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով բացի ծայրահեղ անհրաժեշտության դեպքերից, զորակոչի հետ կապված բոլոր գործընթացները իրականացվելու են առցանց տարբերակով՝ պաշտոնական e-Devlet կայքէջում։

Թուրքիայի ՊՆ կայքէջում զորակոչի վերաբերյալ հրապարակված ծանուցագիրը

Ըստ հրապարակված ծանուցագրի՝ զորակոչից 4 օր առաջ նորակոչիկները e-Devlet կայքում պետք է լրացնեն “Kovid-19” հարցումը՝ իրենց առողջական վիճակի, շփման շրջանակի և նմանատիպ թեմաների վերաբերյալ։ Հարցման արդյունքում նրանց կուղղորդեն բուժհաստատություն՝ նոր տեսակի կորոնավիրուսի թեստ հանձնելու։ Թեստի դրական պատասխանի կամ վարակակրի կոնտակտավոր լինելու դեպքում տվյալ քաղաքացու զորակոչը կհետաձգվի մինչև ապաքինում։ Թեստի բացասական պատասխանի կամ կասկածների բացակայության պարագայում նորակոչիկներն իրենց զորակոչի ծանուցաթերթիկները կկարողանան վերցնել e-Devlet կայքէջից։ Բուժհաստատություններում անհրաժեշտ թեստերը չհանձնած անձինք չեն զորակոչվի, և նրանց նկատմամբ դասալքության մեղադրանք կառաջադրվի։ Նույնպիսի մեղադրանք կառաջադրվի նաև նրանց նկատմամբ, ովքեր կայքից զորակոչի ծանուցաթերթիկը չեն վերցնի, կամ վերցնելուց հետո համապատասխան ուսումնական կենտրոն չեն ներկայանա։

Ծանուցագրի համաձայն՝ արտերկրում գտնվող զորակոչի ենթակա քաղաքացիները պարտավոր են առնվազն զորակոչի ծանուցաթերթիկ ստանալուց 14 օր առաջ վերադարձած լինել Թուրքիա։

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Թուրքիայի նախագահը, նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, մեկ ամսով հետաձգել էր զորակոչը, իսկ մայիսի 4-ին՝ երկրում սահմանափակումների մեղմացմանը զուգընթաց, նախագահը հայտնել էր, որ զինված ուժերում անձնակազմի հավաքագրման աշխատանքները կվերսկսվեն հունիսի 1-ից, իսկ զորակոչը՝ հունիսի 5-ից։

Թուրքիայի ՊՆ-ն մայիսի 15-ին որոշում էր ընդունել զորակոչն անվտանգ իրականացնելու նպատակով բոլոր նորակոչիկներին նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համար թեստավորելու մասին։

Հավելենք նաև, որ մայիսի 20-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր երկրի զինված ուժերում կորոնավիրուսային վարակի 156 հաստատված դեպքի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *