Հունիսի 17-ին Թուրքիայի զինված ուժերը հայտնել են Իրաքի հյուսիսային Հաֆթանին շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ապստամբների դեմ «Ճանկ-վագր» (թրք․՝ “Pençe-Kaplan operasyonu”) կոչվող ռազմական գործողություն սկսելու մասին։ Սա անմիջապես հաջորդել է հունիսի 15-ի կեսգիշերին սկսված «Ճանկ-արծիվ» մեկօրյա ռազմագործողությանը:
Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի ՊՆ թվիթերյան կայքէջից:
Ռազմական գործողության շրջանում, որը Թուրքիայի սահմանից 15 կմ հեռավորության վրա է գտնվում, թուրքական կողմը տեղակայել է հատուկ նշանակության ուժեր, որոնց աջակցելու համար ներգրաված են Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչներ, ինչպես նաև համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ ռազմական ինքնաթիռները Հաֆթանինում արդեն խոցել են քրդերի ավելի քան 150 թիրախ:
Որպես ռազմագործողության պատճառ Թուրքիայի ՊՆ-ն մատնանշում է «վերջին շրջանում PKK-ի և այլ ահաբեկչական տարրերի ոտնձգություններն ու գրոհներն իրենց ոստիկանական բաժանմունքների և ռազմաբազաների տարածքներում»:
Նշենք, որ հունիսի 16-ին Իրաքի արտաքին գործերի նախարարությունը հայտնեց, որ կանչել է Իրաքում Թուրքիայի դեսպանին և նրան է հանձնել բողոք-հուշագիր, որով դատապարտում է իրաքյան ինքնիշխանության և դրա օդային տարածքի խախտումը տարածաշրջանում թուրքական վերջին ավիահարվածներից հետո:
Հավելենք, որ Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ գործողություններ է սկսել 2007թ–ից։ Հակամարտությունը այդ տարածքներում շարունակվում է ավելի քան 10 տարի։